ԼՂՀ նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցերը

07.11.2007, 18:51
ԼՂՀ նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար ֆասյեի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։

«Երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում զրուցակցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս փուլը և հեռանկարները»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

ԼՂՀ նախագահը մասնակցում է Փարիզում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա տելեթոնի անցկացման կազմակերպչական աշխատանքներին։

Այցի ընթացքում ԼՂՀ Նախագահը հանդիպել է Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր տաճարի ընդունելության սրահում:

«ԼՂՀ Նախագահը հավաքվածներին ներկայացրել է Արցախի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Արցախ-Սփյուռք հարաբերությունների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը, Բակո Սահակյանն ընդգծել է Ֆրանսիայի հայ համայնքի դերը եվրոպական կառույցների հետ աշխատանքում, ինչպես նաև Արցախի մշակութային կյանքում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը և հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավար Պետրոս Թերզյանը: --0—