2020թ. Չինաստանում տղամարդիկ 30 միլիոնով ավելի շատ կլինեն կանանցից

22.08.2007, 14:12
2020թ. Չինաստանում տղամարդիկ 30 միլիոնով ավելի շատ կլինեն կանանցից

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. 2020թ. Չինաստանում 20-45 տարեկան տղամարդկանց թիվը 30 միլիոնով ավելի մեծ կլինի, քան կանանցը, ինչի հետևանքով շատ տղամարդիկ ստիպված կլինեն ամուրի մնալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սինխուայի վրա։

Ծնելիության պլանավորման համաչինական ընկերության տվյալներով, արդեն այսօր Չինաստանում ամուսնության համար թույլատրելի տարիքում (20 տարեկան) գտնվող տղամարդկանց թիվը 18 միլիոնով ավելի է, քան կանանցը։

Ծնելիության պլանավորման համաչինական ընկերության նախագահ Ցզյան Չունյունը ընտանեկան և ժողովրդագրական քաղաքականության հարցերով հատուկ խորհրդաժողովի ժամանակ ընդգծել է, որ երկրում նկատվում է նորածին տղաների և աղջիկների սեռային անհավասարակշռության՝ անհանգստություն առաջացնող աճ։ Այդ ցուցանիշը ՉԺՀ-ում արդեն կազմում է 119։110, այն ժամանակ, երբ մյուս երկրներում այն կազմում է 105-107։100։

1970-ական թթ. վերջերից ՉԺՀ-ում տարվում է ծնելիության պլանավորման քաղաքականություն, որպեսզի բնակչության աճը նվազի։ Քաղաքաբնակ ընտանիքը կարող է ունենալ միայն մեկ երեխա, իսկ գյուղաբնակը՝ առավելագույնը երկու։ --0—