Վրաստանը ներդնում է նոր պահանջներ զբոսաշրջիկների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2026թ․–ի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն. այս պահանջը, առաջին հերթին, վերաբերում է ինքնուրույն ճանապարհորդողներին։
Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տեղեկատվության համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկները պետք է իրենց մոտ ունենան բժշկական ապահովագրության և դժբախտ պատահարներից ապահովագրության պոլիս՝ վրացերենով կամ անգլերենով։
Ճշտվում է, որ պոլիսը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար, նշում է Ինտերֆաքսը։
Պոլիսը պետք է ծածկի նվազագույնը 5 հազար դոլարի շտապ ամբուլատոր ծառայությունները և նվազագույնը 30 հազար դոլարի ստացիոնար բուժումը։ Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն դժբախտ պատահարները, վնասվածքները, հանկարծակի հիվանդությունները, բժշկական տարհանումը և հայրենադարձությունը։
Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ պոլիսի բացակայության համար սահմանված է 300 լարիի չափով տուգանք։ Լեռնային արշավներով, ալպինիզմով, դահուկներով և այլ էքստրեմալ գործունեությամբ առանց համապատասխան ապահովագրական ծածկույթի զբաղվելու համար նախատեսված է 500–1000 լարիի տուգանք, կրկնակի խախտման դեպքում՝ 1000–2000 լարի, հայտնում է «РБК компании»–ն։
Տուգանքի վճարի ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է, ապա՝ եռապատկվում. պահանջների համակարգված անտեսումը կարող է հանգեցնել երկիր մուտքի սահմանափակման կամ արտաքսման։ Տուրօպերատորները պարտավոր են հաճախորդներին տեղեկացնել նոր կանոնների և պատժամիջոցների մասին։

