Թուրքական դատարանը թույլ է տվել Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի գերագույն դատարանը հաստատել է, որ Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել նախագահի հրամանագրով, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով Оrthodox Times հունական հրատարակությանը:
Ավելի վաղ Կոստանդնուպոլսի հայ պատրիարք Սահակ II-ն առաջարկել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարը աղոթքի վայր դառնա ինչպես քրիստոնյաների, ինչպես էլ մահմեդականների համար:
Դատավորների կարծիքով, Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի՝ 1934թ.-ի հրամանագրով տաճարին տրված թանգարանի կարգավիճակը եղել է և մնում է օրինական, սակայն պետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրավունք ունի որոշում կայացնել այդ կարգավիճակը պահպանելու կամ փոխելու մասին:
Բացի այդ, հինգշաբթի օրը տաճարի ապագայի վերաբերյալ հարցը քննարկվել է Թուրքիայի պետական խորհրդի կողմից: Թուրքիայի պետական խորհուրդը 17 րոպե քննարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը, նշում է CNN-ը: Պետական խորհրդի պաշտոնական որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:
Իրենց հերթին թուրքական ԶԼՄ-ները ենթադրում են, որ Սոֆիայում առաջին մահմեդական ծառայությունը կանցկացվի հուլիսի 15-ին՝ 2016թ.-ի անհաջող հեղաշրջման հերթական օրը:
Սուրբ Սոֆիայի տաճարի ապագայի շուրջ քննարկումը սկսվել է հերթական անգամ այն բանից հետո, երբ մայիսի 29-ին՝ Կոնստանդնուպոլսի անկման հերթական տարելիցին, այդ տաճարում կայացել է Ղուրանի ընթերցանություն: Մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել Սոֆիան մզկիթի վերածելու հնարավորությունը: Իսկ ավելի ուշ արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը կողմ է արտահայտվել տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, ինչպես նաև դրան կողմ է արտահայտվել Թուրքիայի ԱԳ նախարար Մևվլյութ Չավուշօղլուն:
Սոֆիայի տաճարը մզկիթ վերածելուն դեմ են արտահայտվել Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները և բարձրաստիճան դիվանագետները, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

