Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի պատճառով 8 երկրների նկատմամբ 10% մաքսատուրք սահմանելու մասին

18.01.2026, 10:29
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների համար կգանձվի 10% մաքսատուրք
Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի պատճառով 8 երկրների նկատմամբ 10% մաքսատուրք սահմանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից Միացյալ Նահանգներ ուղարկվող բոլոր ապրանքների համար կսահմանվի 10% մաքսատուրք: Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

Նշենք, որ ներկայումս ԵՄ ապրանքների համար գործում է 15% սակագին։ Թրամփի փոխանցմամբ՝ հունիսի 1-ից սակագինը կբարձրանա մինչև 25%:

Նրա խոսքով՝ եվրոպական երկրները կվճարեն այս տուրքն այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք բերվի Գրենլանդիան ձեռք բերելու վերաբերյալ։ Ամերիկայի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է կնքել այս գործարքն արդեն ավելի քան 150 տարի։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «երկար տարիներ սուբսիդավորել է Դանիային, Եվրամիության բոլոր երկրներին և այլ պետությունների»՝ նրանցից որևէ մաքսատուրք չգանձելով։

«Այժմ ժամանակն է, որ Դանիան փոխհատուցի դրա դիմաց. խաղասեղանին դրված է համաշխարհային խաղաղությունը: Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են տիրանալ Գրենլանդիային, և Դանիան ոչինչ չի կարող անել դրա դեմ: Ներկայումս նրանք պաշտպանության համար ունեն երկու թիմ, որոնցից մեկը ձեռք է բերվել վերջերս: Միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի ղեկավարությամբ, կարող են խաղալ այս խաղը, այն էլ՝ շատ հաջող»,- գրել է նախագահը։

Նա շեշտել է, որ վտանգված է Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի ազգային անվտանգությունը, ու հավաստիացրել, որ Վաշինգտոնը պատրաստ է անհապաղ անցնել բանակցությունների։