Ճապոնիայում գրանցվել է վերջին 50 տարվա ընթացքում ամենամեծ հրդեհը․ կա 1 զոհ, այրվել է ավելի քան 170 շենք

19.11.2025, 11:49
Նախօրեին Ճապոնիայի  Օիտա ափամերձ քաղաքում բռնկված հրդեհը ոչնչացրել է ավելի քան 170 շենք և խլել 1 մարդու կյանք
Ճապոնիայում գրանցվել է վերջին 50 տարվա ընթացքում ամենամեծ հրդեհը․ կա 1  զոհ, այրվել է ավելի քան 170 շենք

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի Արմենիա/․ Չորեքշաբթի օրը Ճապոնիայի Օիտա ափամերձ քաղաքում բռնկված հրդեհը ոչնչացրել է ավելի քան 170 շենք և խլել 1 մարդու կյանք։ Կրակը մոլեգնել է ամբողջ գիշեր և դեռ ամբողջությամբ մարված չէ։ Ռազմական և հրշեջ ուղղաթիռները փորձում են մարել երկրի գրեթե կես դարի ընթացքում ամենամեծ քաղաքային հրդեհը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Տեղական լրատվամիջոցները, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հայտնում են, որ մեկ մարդ մահացած է հայտնաբերվել, իսկ 50-ամյա մի կին հոսպիտալացվել է։

Ճապոնիայի հրդեհների և աղետների կառավարման գործակալությունը հայտնել է, որ հրդեհը սկսվել է երեքշաբթի երեկոյան և այրել 48,900 քառակուսի մետր տարածք՝ մոտավորապես յոթ ֆուտբոլային դաշտի չափ, ինչի հետևանքով Տոկիոյից մոտ 770 կմ հեռավորության վրա գտնվող շրջանի 175 բնակիչ ստիպված է եղել տեղափոխվել ապաստարաններ։

Անօդաչու թռչող սարքերի նկարահանած կադրերը ցույց են տալիս, որ տները վերածվել են ավերակների։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կրակը տարածվել է նաև մոտակա անտառապատ լանջերին և ափից ավելի քան 1 կմ հեռավորության վրա գտնվող անմարդաբնակ կղզի։

Kyushu Electric Power ընկերության տվյալներով՝ հրդեհը էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել շրջանի մոտ 300 տներում։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին X-ի իր էջում հայտնել է, որ կառավարությունը կտրամադրի հնարավոր առավելագույն աջակցությունը՝ համագործակցելով տեղի իշխանությունների հետ։

Տուժած շենքերի քանակով և այրված  տարածքի չափսերով այն Ճապոնիայում ամենամեծ քաղաքային հրդեհն է 1976 թվականի Սակատայում բռնկված հրդեհից ի վեր՝ բացառությամբ երկրաշարժերի հետևանքով առաջացած ավերածությունների։