ՌԴ մուտք գործող բոլոր օտարերկրացիները հունիսի 30-ից պարտավոր են լինելու 72 ժամ առաջ տեղեկացնել այդ մասին․ օրենսդրական փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունների համաձայն՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների մուտքի համար նոր կարգավորումներ են սահմանվելու։
Մասնավորապես, նախատեսվում է, որ հունիսի 30-ից վերը նշված երկրների քաղաքացիները պետք է անցնեն գրանցման ընթացակարգ նույնականացման ու վավերացման միասնական համակարգում, հայտնել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, հաղորդում է «Արմենպրեսը»։
Բեժանյանը տեղեկացրել է, որ գրանցման համար ստեղծվելու է միասնական պորտալի բջջային հավելված՝ RuID։
«Քաղաքացին պարտավոր է լինելու՝ անկախ Ռուսաստան մեկնելու նպատակից, մեկնելուց ոչ ուշ քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ ուշ քան 4 ժամ առաջ այդ հավելվածի միջոցով տեղյակ պահել երկիր մուտք գործելու ժամկետների մասին: Բջջային հավելվածում անձն իր համար բացելու է էջ, որտեղ լրացնելու է իր տվյալները և դիմում է ներկայացնելու այն մասին, որ պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստան», – ասել է Բեժանյանը։
Դիմում ներկայացնելուց հետո ՌԴ պատկան մարմինների կողմից ստուգվելու են քաղաքացու տվյալները, և եթե նրա մուտքը թույլատրվի, ապա նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։
Բոլոր ոչ վիզային, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, որոնք նախատեսում են մուտք գործել ՌԴ, հունիսի 30-ից պարտավոր են լինելու 72 ժամ առաջ տեղեկացնել դրա մասին։
«Կարելի է ասել, որ Ռուսաստանը ոչ վիզային երկրների քաղաքացիների պարագայում ստեղծում է յուրօրինակ, այսպես ասած, «վիզային մեխանիզմ», և նշված չէ, որ այս կամ այն նպատակի պարագայում այդ պահանջը չի լինի։ Խոսքը ցանկացած պարագայում ՌԴ մուտք գործելու մասին է»,-հավելել է Բեժանյանը։