Պուտինի հայտարարությունը խաղաղության գործընթացին Եվրոպայի մասնակցության կապակցությամբ․ գլխավոր թեզեր

02.12.2025, 22:21
Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել ԵՄ-ի հետ, բայց «պատրաստ է հենց հիմա», եթե «Եվրոպան հանկարծ ցանկանա պատերազմել և սկսի», - ասել է Պուտինը
Պուտինի հայտարարությունը խաղաղության գործընթացին Եվրոպայի մասնակցության կապակցությամբ․ գլխավոր թեզեր

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «Россия зовет!» ՎՏԲ ներդրումային ֆորումի լիագումար նիստից հետո, պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։ Դրանից հետո Պուտինը մեկնել է Կրեմլ՝ հանդիպելու ամերիկացի բանակցողների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ, փոխանցում է ՌԲԿ-ն։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Եվրոպան «չունի խաղաղ օրակարգ», այն գտնվում է «պատերազմի կողմում»։ Նա նաև ավելացրել է, որ ԵՄ-ն Մոսկվայի համար անընդունելի առաջարկներ է ներկայացնում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ, որպեսզի արգելափակի խաղաղության գործընթացը։ 

Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել ԵՄ-ի հետ, բայց «պատրաստ է հենց հիմա», եթե «Եվրոպան հանկարծ ցանկանա պատերազմել և սկսի», - ասել է Պուտինը։ 

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Եվրոպան «Ուկրաինան չէ», որի հետ Ռուսաստանը «գործում է վիրաբուժական եղանակով, շատ զգույշ»։ «Սա պատերազմ չէ բառի բուն իմաստով», - ասել է նա Ուկրաինայի հակամարտության մասին։ - «Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա պատերազմ սկսել մեզ հետ և սկսի այն, ապա շատ արագ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մենք բանակցելու մարդ չենք ունենա»։ 

Նա կարծում է, որ Եվրոպան դադարեցրել է կապերը Ռուսաստանի հետ, բայց խանգարում է ԱՄՆ-ին և Թրամփի խաղաղության պլանին։ «Դե, եվրոպացիները չեն լռում, նրանք նեղանում են, որ իրենց կարծես հեռացրել են բանակցություններից։ Բայց ես ուզում եմ նշել, որ նրանց ոչ ոք չի հեռացրել, նրանք իրենք են հեռացել», - ասել է Պուտինը։ - «Որովհետև նրանց համար կարևոր է Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու թեզը և դեռևս ապրում են, ըստ ամենայնի, այդ պատրանքներով, թեև գլխով հասկանում են, որ դա վաղուց անցյալում է. նրանք ժամանակին ցանկալին ընդունել են որպես իրականություն։ Բայց իրենք իրենց դա խոստովանել չեն կարողանում և չեն ուզում»։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան կարող է վերադառնալ Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններին, եթե հաշվի առնի «իրականությունը տեղում»։

Սև ծովում հարձակումների Մմասին

Ռուսաստանը կարող է միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան տանկերների վրա հարձակումներին, որոնցից ամենաարմատականը Ուկրաինան Սև ծովից «կտրելն» է, հայտարարել է Պուտինը։ Այս դեպքում, ըստ նրա, «հնարավոր չի լինի զբաղվել ծովահենությամբ ընդհանրապես»։ «Հուսով եմ, որ ուկրաինական ռազմական ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև նրանք, ովքեր կանգնած են նրանց թիկունքում, կմտածեն՝ արժե՞ արդյոք շարունակել նման պրակտիկան», - ասել է նախագահը։ 

Մասնավորապես, Պուտինի խոսքով, Մոսկվան կդիտարկի միջոցներ այն երկրների նավերի դեմ, որոնք օգնում են Ուկրաինային նման հարձակումներ իրականացնելու հարցում, ինչպես նաև կընդլայնի հարվածներն ուկրաինական նավահանգիստներին ուղղությամբ։

Ուիթքոֆը՝ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Մոսկվա է ժամանել վեցերորդ անգամ։ Անցյալ շաբաթվա վերջին նա և Քուշները, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցությամբ, բանակցություններ են վարել Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակության հետ։ Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի խաղաղության պլանը և դրա առանցքային կետերը՝ տարածքային հարցերն ու Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այժմ փաստաթուղթը բերել են ռուսական կողմին։