ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը՝ Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու մասին վերաբերում է Թուրքիայի և ՌԴ-ի համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքի ապահովմանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի համապատասխան հրամանգիրը ներկայացվել է երկրի խորհրդարանի քննարկմանը:
«Ադրբեջանի տարածքում կգտնվի նաև դիտորդական կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ: Դա Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգերի իրականացումն է», - մեկնաբանել է Պեսկովը նման փաստաթուղթ հայտնվելու փաստը: Նա շեշտել է, որ դա Թուրքիայի ներքին խնդիրն է:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին պայմանավորվածությունների, դա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրի արդյունք է», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:-0-