Մեր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում շատ հստակ է. Մեծ Բրիտանիայի վարչապետն արձագանքել է Թրամփին

18.01.2026, 14:37
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը դատապարտել է Գրենլանդիայի պատճառով մաքսատուրքեր սահմանելու՝  Թրամփի սպառնալիքը
Մեր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում շատ հստակ է. Մեծ Բրիտանիայի  վարչապետն արձագանքել է Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Կիր Սթարմերը հայտարարում է, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքը «բացարձակապես սխալ է»։ Այս մասին գրում է mk.ru-ն։

Բրիտանիայի վարչապետը և ընդդիմադիր քաղաքական գործիչները դատապարտում են ԱՄՆ նախագահի՝ 10 տոկոսանոց մաքսատուրքեր ներդնելու սպառնալիքը, եթե դանիացիներից արկտիկական կղզին գնելու գործարքը չկայանա։

«Մեր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում շատ հստակ է․ այն Դանիայի Թագավորության մաս է, և դրա ապագան գրենլանդացիների ու դանիացիների գործն է։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին։  

«Մենք նաև հստակ նշել ենք, որ Արկտիկայի անվտանգությունը կարևոր է ամբողջ ՆԱՏՕ-ի համար, և դաշնակիցները պետք է միասին ավելի շատ քայլեր ձեռնարկեն՝ Արկտիկայի տարբեր հատվածներում Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքին դիմակայելու համար։   Դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքերի կիրառումը՝ այն պատճառով, որ նրանք ձգտում են ՆԱՏՕ-ի դաշնակիցների հավաքական անվտանգությանը, լիովին սխալ է։ Մենք, իհարկե, այս հարցը կքննարկենք ուղղակիորեն ԱՄՆ վարչակազմի հետ»,-նշել է Սթարմերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից Միացյալ Նահանգներ ուղարկվող բոլոր ապրանքների համար կսահմանվի 10% մաքսատուրք:

Նրա խոսքով՝ եվրոպական երկրները կվճարեն այս տուրքն այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք բերվի Գրենլանդիան ձեռք բերելու վերաբերյալ։