Մեքսիկայում ավելի քան 120 մարդ է վիրավորվել զանգվածային ցույցերի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումների հետևանքով առնվազն 120 մարդ է վիրավորվել, որոնցից 100-ը՝ ոստիկաններ, հայտնել է ոստիկանությունը։ Այս մասին գրում է BBC-ն։
Հազարավոր ցուցարարներ շաբաթ օրը երթով շարժվել են Մեքսիկայի մայրաքաղաք ՝ բողոքելով երկրում տեղի ունեցող հանցագործությունների և նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կառավարության դեմ։
Ակցիան կազմակերպվել էր «Gen Z» երիտասարդական խմբերի կողմից՝ ստանալով զանգվածքային սպանությունների, այդ թվում՝ Ուրուապանի քաղաքապետ Կառլոս Մանզոյի սպանության դեմ բողոքող քաղաքացիների աջակցությունը։
Նախագահ Շեյնբաումը նշել է, որ երթերը ֆինանսավորվել են աջակողմյան քաղաքական գործիչների կողմից, որոնք դեմ են իր կառավարությանը։
«Մենք համաձայն ենք խոսքի ազատության և ցույցերի ազատության հետ, եթե կան երիտասարդներ, որոնք պահանջներ ունեն, բայց այստեղ խնդիրն այն է, թե ով է աջակցում», - ասել է նախագահը երթից մի քանի օր առաջ ճեպազրույցի ժամանակ։
Ակցիայի մասնակիցները պաստառներ են թափահարել, որոնց վրա գրված էր «Մենք բոլորս Կառլոս Մանզոն ենք» գրությունը, իսկ ոմանք նաև կրում էին կովբոյական գլխարկներ՝ ի պատիվ նրա։
Ցուցարարները նաև փորձել են քանդել Ազգային պալատը պաշտպանող արգելապատնեշը, որտեղ բնակվում է Շեյնբաումը:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նրանց նկատմամբ։ Ցույցերի հետևանքով վիրավորվել է 100 ոստիկան, որոնցից 40-ը հոսպիտալացվել է։ Եվս 20 մարդ ձերբակալվել է կողոպուտի և հարձակման համար։
Շեյնբաումն իր պաշտոնավարման առաջին տարում պահպանում է 70%-ից բարձր վարկանիշ և հաջողությունների է հասել ֆենտանիլի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, սակայն նրան քննադատում են երկրում տիրող բռնությունը դադարեցնել չկարողանալու և հարևան երկրների կողմից աճող թշնամանքի բախվելու համար։
Այս ամսվա սկզբին Պերուի Կոնգրեսը քվեարկեց Շեյնբաումին «Persona non grata» (անցանկալի անձ) հայտարարելու օգտին։
Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Մեքսիկայի կառավարությունը ապաստան տրամադրեց Պերուի նախկին վարչապետին, որին մեղադրանք էր առաջադրվել 2022 թվականի պետական հեղաշրջման փորձի համար։

