ԿԱՐԵՎՈՐ. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը դադարեցնում է հայրենիք վերադառնալ ցանկացող քաղաքացիների առցանց ցուցակագրումը

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հաշվի առնելով Հայաստան մեկնելու համար գրանցված քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքը (ավելի քան 25 հազ․ քաղաքացի), ս/թ․ հունիսի 22-ին դեսպանության կողմից դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը։ Այս մասին նշվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:
«Ինչպես նշել ենք նախորդ հաղորդագրության մեջ, համաճարակով պայմանավորված իրավիճակում, ցավոք, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը չարտերային չվերթներով»,- նշում են դեսպանությունից:
Առաջիկայում՝ մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսումը, դեսպանության կողմից կշարունակվեն չարտերային չվերթների կազմակերպման շուրջ աշխատանքներն՝ ուղղված հաշվառված քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմանը։
Նշվում է, որ ելնելով դեսպանությունում գրանցված, սակայն չվերթներից հրաժարվող քաղաքացիների մեծաթիվ լինելու հանգամանքից, ինչպես նաև հաստատումից հետո չվերթներին չներկայանալու փորձից, այս ուղղությամբ ևս նոր քայլեր կմշակվեն։
«Չարտերային թռիչքների չվացուցակի մասին կհայտնենք առաջիկայում»,- նշվում է տաչածված հաղորդագրության մեջ: -0-