Իտալիայում զբոսանավի խորտակման հետևանքով անհետ կորել է Morgan Stanley-ի տնօրենների խորհրդի ղեկավարը

21.08.2024, 11:47
56 մետրանոց Bayesian զբոսանավում եղել է անձնակազմի 10 անդամ և 12 ուղևոր
Իտալիայում զբոսանավի խորտակման հետևանքով անհետ կորել է Morgan Stanley-ի տնօրենների խորհրդի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը և բրիտանական Clifford Chance իրավաբանական ընկերության փորձագետ Քրիս Մորվիլլոն անհետ կորածների թվում են այն բանից հետո, երբ Bayesian զբոսանավը խորտակվել է Սիցիլիայի ափերի մոտ՝ սաստիկ փոթորկի հետևանքով, գրում է rbc.ru-ն։

Նշվում է, որ 56 մետրանոց զբոսանավում եղել է անձնակազմի 10 անդամ և 12 ուղևոր՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ։ 6 անձի, այդ թվում՝ «բրիտանացի Բիլ Գեյթս» մականունով հայտնի գործարար Մայք Լինչի ճակատագիրն անհայտ է։ Լինչի 18-ամյա դուստր Հաննան նույնպես անհետ կորել է։ Գործարարի կինը՝ Անժելա Բակարեսը և ևս 14 մարդ փրկվել են։

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ հայտնաբերվել է զբոսանավի շեֆ-խոհարարի մարմինը։

Bayesian զբոսանավը նավարկել է բրիտանական դրոշի ներքո։ Օգոստոսի 19-ի առավոտյան զբոսանավը եղել է Պորտիչելլո գյուղի մոտ։ Ansa գործակալությունը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ երբ փոթորիկը սկսվել է, զբոսանավը կորցրել է հավասարակշռությունը։

Մոտակայքում գտնվող նավի նավապետ Կարստեն Բորները Reuters-ին ասել է, որ միացրել է շարժիչը, որպեսզի չբախվի Bayesian-ի հետ։

«Մեզ հաջողվեց նավը տեղում պահել, և այն բանից հետո, երբ փոթորիկը վերջացավ, մենք նկատեցինք, որ մեր հետևում գտնվող զբոսանավն անհետացավ», - ասել է նա։