Իրանը պատրաստ է Թրամփի հետ միջուկային գործարքին․ այաթոլլա Խամենեիի խորհրդականը ներկայացրել է պայմանները

15.05.2025, 13:44
Իրանը պատրաստ է միջուկային գործարք կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ որոշակի պայմաններով
Իրանը պատրաստ է Թրամփի հետ միջուկային գործարքին․ այաթոլլա Խամենեիի խորհրդականը ներկայացրել է պայմանները

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանը պատրաստ է միջուկային գործարք կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ որոշակի պայմաններով՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց, մայիսի 14-ին NBC News-ին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին։

Forbes–ի հաղորդմամբ, նա պարզաբանել է, որ Իրանը կպարտավորվի երբեք չարտադրել միջուկային զենք, ինչպես նաև ազատվել բարձր հարստացված ուրանի պաշարներից, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով։

Շամխանի խոսքով, Իրանը նաև կհամաձայնի ուրանը հարստացնել միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ մակարդակներով (3.67%) և թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել այդ գործընթացը՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դիմաց։ Համաձայնագիրը կստորագրվի այն օրը, երբ պատժամիջոցները կվերացվեն, պարզաբանել է նա։

Շամխանին հարցազրույց է տվել NBC News-ին մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Իրանին «բարեկամության ձեռք մեկնել», եթե Իրանը համաձայնի երկրի միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ համաձայնագրին։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք մշակի։

ԱՄՆ–ն և Իրանն արդեն մի քանի շաբաթ բանակցություններ վարում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Մերձավոր Արևելքում Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած բանակցությունների վերջին փուլն անվանել է «հուսադրող», իսկ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին գնահատել է դրանք որպես «բարդ, բայց օգտակար»։ Իրանն ԱՄՆ–ին առաջարկել է միջուկային գործարքի նոր ձևաչափ՝ կոնսորցիումի ստեղծում Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) և ԱՄՆ ներդրողների հետ, նախօրեին գրել է The New York Times–ը (NYT)՝ հղում անելով իրանցի չորս պաշտոնյաների և իրանական մամուլի հրապարակումներին։

2015 թվականին Իրանը և միջազգային վեց միջնորդները (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության էին եկել կարգավորել իրանական միջուկային խնդիրը. Ընդունվեց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի իրականացումը վերացնում է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։ Թրամփը, նույնիսկ Սպիտակ տանը իր առաջին պաշտոնավարումից առաջ (2017-ից 2021 թվականներին), համաձայնագիրն անվանել էր «ամենավատ համաձայնագիրը», իսկ 2018 թվականին նա այն չեղյալ է հայտարարել՝ վերականգնելով Իրանի դեմ պատժամիջոցները։