Հազարավոր չվերթեր են չեղարկվել արևային ակտիվության նկատմամբ Airbus–ի կրիտիկական խոցելիության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի շարք ավիաընկերություններ զգուշացրել են չվերթերի ընդհատումների մասին այն պատճառով, որ եվրոպական Airbus կոնցեռնի 6 հազար ինքնաթիռի ծրագրային ապահովման մեջ հայտնաբերվել է Արևի ազդեցության նկատմամբ խոցելիություն, հաղորդում է ՌԲԿ-ն։
Ղազախական Air Astana և FlyArystan ավիաընկերությունները հետաձգել են Airbus ինքնաթիռների չվերթերը ծրագրային ապահովման թարմացումը տեղադրելու համար։
«Air Astana-ն բոլոր ջանքերը գործադրում է ժամանակացույցի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, սակայն հնարավոր են փոփոխություններ և չվերթերի ուշացումներ։ Ուղևորներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել իրենց չվերթերի ակտուալ կարգավիճակը ավիաընկերությունների կայքերում», - հայտնել են ընկերությունից։
Նոյեմբերի 29-ի առավոտյան Air France ավիաընկերության 35 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։ American Airlines-ը նախազգուշացրել է «որոշակի գործառնական ուշացումների» մասին՝ կապված 340 ինքնաթիռի ծրագրային ապահովման թարմացման հետ։ Ավստրալական լոուքոսթեր Jetstar-ը չեղարկել է 90 չվերթ և հայտնել, որ թարմացումը վերաբերել է ավիապարկի մոտ մեկ երրորդին։ All Nippon Airways (ANA)-ը շաբաթ օրը չեղարկել է 65 չվերթ։ Կոլումբիական Avianca-ն հայտարարել է, որ խնդիրն առնչվել է իր ավիապարկի ավելի քան 70%-ին, ինչի կապակցությամբ տոմսերի վաճառքը փակ է մինչև դեկտեմբերի 7-ը։
Airbus-ը զգուշացրել է A320 ինքնաթիռների զանգվածային հետկանչի մասին ծրագրային ապահովման փոխարինման համար
Ինչպես հաղորդում էր BBC-ն, ընկերության մասնագետները հայտնաբերել են, որ Արևի ինտենսիվ ճառագայթումը կարող է խանգարել թռիչքի կառավարման բորտային համակարգիչների աշխատանքին։ Խոցելիությունը վերաբերել է A320 մոդելին, որը Airbus-ի ավիապարկում ամենավաճառվողն է, ինչպես նաև A318, A319 և A321 մոդելներին։
Խնդիրը բացահայտվել է հոկտեմբերյան միջադեպի հետաքննության ժամանակ, երբ JetBlue Airways-ի ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Կանկունից (Մեքսիկա) Նյուարկ (Նյու Ջերսի), կտրուկ կորցրել է բարձրությունը։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ֆլորիդայում, առնվազն 15 մարդ վնասվածքներ է ստացել։
Բացահայտված խնդիրը կապված է ծրագրային ապահովման (ԾԱ) այն մասի հետ, որը հաշվարկում է ինքնաթիռի բարձրությունը։ Մեծ բարձրության վրա տվյալները կարող են աղավաղվել Արևի ինտենսիվ ճառագայթման պատճառով, պարզել է Airbus-ը։
A320 ընտանիքի օդանավերը հագեցած են fly-by-electronic կառավարման համակարգով, որտեղ անմիջական մեխանիկական կապ չկա օդաչուի խցիկում կառավարման մարմինների և թռիչքն անմիջապես կառավարող ինքնաթիռի բաղադրիչների միջև։ Օդաչուի գործողությունները մշակվում են համակարգչի կողմից։
Խնդիրը լուծելու համար 5,1 հազար ինքնաթիռի վրա անհրաժեշտ է տեղադրել ծրագրային ապահովման թարմացում, որը տևում է մոտ երեք ժամ։ Սակայն որոշ ընկերություններ ունեն մոտ 900 հին տարբերակների ինքնաթիռներ, որոնցում անհրաժեշտ է բորտային համակարգիչների ֆիզիկական փոխարինում։ Մինչև այդ ամենը չկատարվի, օդանավերը չեն կարողանա ուղևորներ փոխադրել։

