Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը

04.05.2017, 14:31
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը:
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը:

Ինչպես հայտնում է Asbarez պարբերականը, Գլենդեյլի քաղխորհրդի անդամները քվարկությամբ միաձայն նոր քաղաքապետ ընտրեցին քաղխորհրդի ներկայի անդամ Վարդան Ղարպետեանին:

Ղարպետեանն առաջին անգամ ընտրվել է քաղխորհրդում 2015 թ.-ին: Այդ ժամանակից ի վեր նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի շարք քաղաքային հանձնաժողովներում:

Նոր քաղաքապետը խոստացել է քաղաքն առավել բարեկեցիկ և ապահով դարձնել, նպաստել բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի ստեղծմանը` բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով:

Ղարպետեանը նաև հայտնել է պարբերականին, որ միջոցներ է հայթայթում` Հայաստան երկու հրշեջ մեքենա ուղարկելու համար:

Asbarez-ը հիշեցնում է, որ Գլենդեյլի քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի անդամների կողմից` մեկ տարի ժամկետով: Ներկայում քաղխորհրդի անդամներից 5-ը հայ են:

Գլենդեյլի հայ համայնքը ՀՀ-ից դուրս քաղաքային հայ համայնքներից ամենամեծն է: Հայերն այստեղ բնակվում են 1920-ականներից: 1970-ականներին հայ արտագաղթողների թիվը կտրուկ ավելացավ, իսկ հայկական ծագում ունեցող բնակիչների մեծ մասը 1900-2000 թթ.-ին բնակություն հաստատեց Գլենդեյլում:

Հայերը լավ են ինտեգրվել տեղի հասարակության մեջ, մի շարք ձեռնարկությունների սեփականատերեր են: Քաղաքում գործում է մի քանի հայկական դպրոց, էթնիկ և մշակութային կազմակերպություն: Կան բազմաթիվ ազգային ռեստորաններ և սրճարաններ: Քաղաքում ՀՀ հյուպատոսություն է գործում:

ԱՄՆ-ի` 2010 թ.-ի մարդահամարի արդյունքների համաձայն, Գլենդեյլում բնակվում է 65,3 հազար հայ, այսինքն` քաղաքի ընդհանուր բնակչության 34,1 տոկոսը: -0-