«Եվրատեսիլ 2024» -ի հաղթող Նեմոն կվերադարձնի գավաթը՝ բողոքելով մրցույթին Իսրայելի մասնակցության դեմ
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ «Եվրատեսիլ 2024» -ի շվեյցարացի հաղթող Նեմոն հայտարարել է, որ վերադարձնում է իր գավաթն՝ ի նշան Գազայի պատերազմի պատճառով մրցույթին Իսրայելի մասնակցության դեմ բողոքի։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում, գրում է Reuters-ը։
«Եվրատեսիլը հայտարարում է, որ արտահայտում է բոլոր մարդկանց միասնությունը, ներառականությունը և արժանապատվությունը։ Եվ սրանք այն արժեքներն են, որոնք այս մրցույթը դարձնում են այդքան նշանակալից ինձ համար։ Սակայն Իսրայելի շարունակական մասնակցությունը, այն էլ այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի Անկախ միջազգային քննչական հանձնաժողովը (օկուպացված Պաղեստինյան Տարածքում, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում և Իսրայելում) եկել է ցեղասպանության եզրակացության, ցույց է տալիս, որ հստակ հակասություն կա այդ իդեալների և Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կայացրած որոշումների միջև», - ասել է Նեմոն հրապարակած տեսանյութում ։
Նա նշում է, որ խոսքը անհատների կամ արտիստների մասին չէ, այլ այն փաստի մասին, որ մրցույթը բազմիցս օգտագործվել է լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող պետության կերպարը մեղմելու համար, մինչդեռ Եվրոպական հեռարձակողների միությունը պնդում է, որ այս մրցույթը ոչ քաղաքական է։
«Ապրեք նրանով, ինչ պնդում եք։ Եթե բեմում մեր նշած արժեքները չեն ապրում բեմից դուրս, ապա նույնիսկ ամենագեղեցիկ երգերը դառնում են անիմաստ։ Ես սպասում եմ այն պահին, երբ այդ խոսքերն ու գործողությունները կհամընկնեն։ Մինչ այդ այս գավաթը ձերն է », - ասել է Նեմոն։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել Վիեննայում։
«Եվրատեսիլ 2026»-ի բոյկոտի մասին
Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան հրաժարվեցին «Եվրատեսիլ 2026»-ին մասնակցությունից այն բանից հետո, երբ կազմակերպիչները թույլատրեցին Իսրայելին՝ մասնակցելու 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։
Բոյկոտի պատճառը Գազայի պատերազմում խաղաղ բնակչության շրջանում զոհերի և Իսրայելի գործողությունների նկատմամբ միջազգային դժգոհությունն է։
Իսրայելը բազմիցս մերժել է ցեղասպանության ցանկացած մեղադրանք՝ հայտարարելով, որ հարգել է միջազգային իրավունքը։
Ավելի ուշ բոյկոտին է միացել Իսլանդիան։ Սակայն մի շարք երկրներ, թվում՝ Գերմանիան, սպառնացել են հրաժարվել մրցույթին մասնակցելուց, եթե Իսրայելին մերժեն։

