Axios պորտալն իմացել է, թե Իսրայելն Իրանի որ ռազմավարական օբյեկտներն է թիրախավորելու

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Իսրայելը մի քանի օրվա ընթացքում նախատեսում է «զգալի պատասխան հարված» հասցնել Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը, թիրախը կարող են լինել Իրանում նավթի արդյունահանման օբյեկտները և ռազմավարական այլ օբյեկտներ, գրում է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելական պաշտոնյաներին։
Թեհրանը սպառնացել է Իսրայելին, որ եթե վերջինս «համարձակվի պատասխանել», ապա իր ուղղությամբ «ջախջախիչ» պատասխան կլինի: Ինչպես նշում է ՌԲԿ-ն, ըստ հրատարակության զրուցակիցների խոսքերով, եթե դա տեղի ունենա, պատասխանի բոլոր տարբերակները «սեղանին» կլինեն, այդ թվում՝ հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին։
«Մեծ հարցն այն է, թե ինչպես են իրանցիները պատրաստվում պատասխանել հարձակմանը, բայց մենք հաշվի ենք առնում այն հավանականությունը, որ նրանք կգնան մեծ ռիսկի, և դա կլինի բոլորովին այլ գնդակով խաղ», - ասել է իսրայելցի պաշտոնյան:
Զրուցակիցները որպես հավանական թիրախ նշում են իրանական նավթային օբյեկտները, սակայն ոմանք ասում են, որ Իսրայելը դիտարկում է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի վրա հարձակումների հնարավորությունը, հուլիսին իրականացված հարձակումների նման, երբ Թեհրանում սպանվեց ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեին: Նա սպանվել է, երբ հարվածել են իր նստավայրին։
Ինչպես գրում էր The Wall Street Journal-ը, Թել Ավիվը նախազգուշացրել է Թեհրանին, որ միջուկային կամ նավթային օբյեկտները պատասխան հարվածների անմիջական թիրախ կլինեն: Իրանը գարնանը սպառնացել էր, որ եթե Իսրայելը հարձակվի միջուկային օբյեկտների վրա, հանրապետությունը ստիպված կլինի միջուկային զենք ստեղծել։
Նախորդ գիշեր Իրանը լայնածավալ հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ ի պատասխան լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Նասրալլահ Հասանի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բրիգադի գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանությանը։ Նրանք զոհվել են սեպտեմբերի 27-ին Լիբանանում իսրայելական ավիահարվածների ժամանակ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատասխան հարձակումն անվանել է Թեհրանի ինքնապաշտպանության իրավունքի իրականացում։
Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ նրանց մեծ մասը խոցվել է: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է, որ Թեհրանը «մեծ սխալ» է գործել և խոստացել է, որ Իրանը «կհատուցի» դրա համար։