Apple–ը ներկայացրել է iPhone 16E նոր մատչելի սմարթֆոնը, հայտնի է արժեքը

20.02.2025, 19:37
Apple-ը ներկայացրել է չորրորդ սերնդի ամենահասանելի սմարթֆոնը՝ iPhone 16E
Apple–ը ներկայացրել է iPhone 16E նոր մատչելի սմարթֆոնը, հայտնի է արժեքը

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Apple-ը ներկայացրել է չորրորդ սերնդի ամենահասանելի սմարթֆոնը՝ iPhone 16E։

Ամերիկացիները հրաժարվել են SE շարքից, որը գործարկվել էր ինը տարի առաջ, և փոխել են նոր սարքի անվանումը, որն այժմ ներկայացվում է որպես iPhone 16 շարքի լիարժեք ներկայացուցիչ։

Սարքն ունի էականորեն փոփոխված դիզայն, բարձր արտադրողականությամբ սարքավորումներ և գործառույթներ, որոնք հիմնված են արհեստական բանականության վրա։

Ինչպես հայտնում է arkatelecom.am հեռահաղորդակցական պորտալը՝ հղում անելով РБК-ին, նոր մոդելը էականորեն տարբեր է նախորդից՝ iPhone SE 3-ից, որը թողարկվել էր 2022 թվականին։

Այսպես, iPhone 16E-ն չունի «Գլխավոր» կոճակ և մատնահետք ճանաչման Touch ID սենսոր, որից Apple-ը հիմա վերջնականապես հրաժարվել է իր սմարթֆոններում։ Հին նույնականացման սենսորի փոխարեն տեղադրվել է Face ID սենսոր։ 

Բացի դրանից, կողային մասում հայտնվել է նոր «Գործողության կոճակ» (Action Button), որը թույլ է տալիս գործարկել տարբեր ֆունկցիաներ՝ լապտերից մինչև տեսախցիկ։

Բացի դրանից, Apple-ը, ինչպես մյուս նոր սարքերում, հրաժարվել է Lightning լիցքավորման պորտից և անցել USB-C ստանդարտին՝ Եվրոպական միության պահանջների համաձայն:

Այլ կարևոր փոփոխություն է OLED էկրանին մեծացումը, որի անկյունագիծը մեծացել է 4.7 դյույմից մինչև 6.1 դյույմ։

Մշակողները չեն նշում մարտկոցի հզորությունը, բայց պնդում են, որ սա «ամենադիմացկուն» iPhone-ն է՝ 6.1 դյույմ էկրանով։

Հրապարակված բնութագրերի համաձայն՝ այն կարող է աշխատել 6 ժամ ավելի երկար, քան iPhone 11-ը, և 12 ժամ ավելի երկար ինքնավարություն ունի, քան ցանկացած iPhone SE։

Բարձր արագությամբ աշխատելու համար պատասխանատու է A18 չիպը, որը տեղադրված է ներկայիս iPhone 16 և iPhone 16 Plus մոդելներում, իսկ օպերատիվ հիշողությունը աճել է 4 ԳԲ-ից մինչև 8 ԳԲ։

Հասանելի է Apple Intelligence արհեստական բանականության հարթակը։ Համեմատաբար էժան սմարթֆոնների սեփականատերերը կկարողանան օգտվել կատարելագործված Siri ձայնային օգնականի ծառայություններից, ինչպես նաև արհեստական բանականության բազմաթիվ գործիքներից՝ տեքստերի, լուսանկարների, տեսանյութերի և անձնական առաջարկությունների հետ աշխատելու համար։

Ինչպես նախկինում, սարքն ունի միայն մեկ գլխավոր տեսախցիկ, սակայն այն 12 ՄՊ-ից դարձել է 48 ՄՊ։

iPhone 16E-ը հասանելի կլինի 128 ԳԲ, 256 ԳԲ և 512 ԳԲ ներքին հիշողությամբ կոնֆիգուրացիաներով։ Պատվերների ընդունումը կսկսվի այս ուրբաթ՝ փետրվարի 21-ին, իսկ համաշխարհային վաճառքները կսկսվեն մեկ շաբաթ հետո՝ փետրվարի 28-ին։ Սարքերի գները սկսվում են $599-ից։