AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»

20.12.2016, 17:06
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

Նրա խոսքով, հարձակումը տեղի է ունեցել «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ, որը լուսանկարիչը որոշել էր այցելել «պարզապես այն պատճառով, որ պատկերասրահը գտնվում էր տան ճանապարհին»:

Դա ստանդարտ միջոցառում էր, նշում է լուսանկարիչը:

«Այդ իսկ պատճառով երբ մուգ կոստյումով և փողկապով տղամարդը հանեց ատրճանակը, ես զարմացա և մտածեցի, որ դա ինչ-որ հնարք է` ուշադրություն գրավելու համար», - նշում է նա։

Թուրքական հեռուստատեսությունը Թուրքիայում ՌԴ դեսպանի մահափորձի տեսանյութ է հրապարակել
 
«Իրականում դա սառնասրտորեն պլանավորված սպանություն էր, որը տեղի էր ունենում իմ և այլ մարդկանց աչքերի առաջ, որոնք սարսափահար սողում էին` փնտրելով թաքստոց այն բանից հետո, երբ կարճ սանրվածքով տղամարդը կրակեց ռուս դեսպանի ուղղությամբ», – պատմում է լուսանկարիչը։

Նրա խոսքով, պատկերասրահում հնչել է առնվազն ութ կրակոց: Մարդիկ ընկնում էին հատակին, թաքնվում սեղանների տակ և սյուների հետևում:

«Ես վախեցած էի և շփոթված, բայց թաքնվեցի պատի հետևում և սկսեցի կատարել իմ գործը` լուսանկարել», - ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լուսանկարիչը ժամանել է ցուցահանդես հենց այն պահին, երբ ռուս դեսպան Անդրեյ Կարլովը ելույթ էր ունենում:

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ռուս դեսպան Կարլովին սպանած տղամարդու մորն ու քրոջը>>

«Նա խոսում էր ցածր և որքան ես կարող էի լսել` սիրով իր հայրենիքի մասին», - նշել է լուսանկարիչը` ավելացնելով, որ Կարլովը ելույթի ժամանակ թվում էր «հանգիստ և համեստ»:

Հետո լսվեցին կրակոցներ և խուճապ սկսվեց:

«Մի քանի վայրյան պահանջվեց, որպեսզի ես գիտակցեմ, թե ինչ է տեղի ունենում. իմ կողքին մարդ է մահացել, աչքերիս առջը կյանքն անհետացավ», - գրում է նա:

Ռուս դեսպանի վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին: Դեսպանը մահացավ ստացած հրազենային վնասվածքներից: Պատահարից որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ոչնչացրել է հանցագործին: Նա հասցրել է վիրավորել ևս երեք մարդու:

Հաղորդվում է, որ ահաբեկիչը Մևլյութ Մերտ Ալթինթաշն է, նա արդեն մի քանի տարի է` աշխատում էր Անկարայի ոստիկանությունում, սակայն հարձակման օրը հերթապահ չէր:

Օզբիլիջի խոսքով, ահաբեկիչը չափազանց նյարդային էր, սակայն միաժամանակ տարօրինակ ձևով վերահսկում էր իր գործողությունները:

«Երբ ես գրասենյակ վերադարձա` լուսանկարը խմբագրելու համար, ապշեցի, երբ տեսա, որ կրակողը ելույթի ժամանակ կանգնած էր հենց դեսպանի հետևում ` ասես նրա ընկերը կամ թիկնապահը լիներ», - ավելացրել է լուսանկարիչը: -0-