ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Թրամփի վարչակազմին կոչ է արել խստագույն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի, ինչպես նաև այդ երկրների բարձրագույն ղեկավարության նկատմամբ`ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների համար:
«Նախագահ Թրամփը, Կոնգրեսի երկկուսակցական աջակցությամբ, պետք է անհապաղ հանձնարարի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի նկատմամբ, որոնք ակնհայտորեն մեղավոր են Հայաստանում և Արցախում խաղաղ բնակչության վրա կանխամտածված հարձակում կազմակերպելու մեջ», - ասված է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
ANCA- ի նախագահ Րաֆֆի Ամպարյանը, Էրդողանին և Ալիևին անվանելով ռազմական հանցագործներ, հույս է հայտնել, որ ԱՄՆ կառավարությունը համապատասխան վերաբերմունք կցուցաբերի նրանց նկատմամբ:
ANCA- ն հիշեցրել է, որ եթե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ներդնի վերը նշված պատժամիջոցները, ապա Էրդողանի և Ալիևի ողջ ունեցվածքը ԱՄՆ-ում կսառեցվի:
Նշվում է, որ ԱՄՆ կանոնակարգերն արգելում են Ամերիկայի քաղաքացիների կամ կազմակերպությունների ցանկացած շփում այն անձանց հետ, որոնց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ:-0-