ԱՄՆ–ն Ուկրաինային առաջարկել է Ղրիմը ճանաչել ռուսական և հրաժարվել ՆԱՏՕ մուտք գործելուց

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային ներկայացրել է հակամարտությունն ավարտելու պայմաններ, որոնք ներառում են Ղրիմի՝ 2014 թվականին Ռուսաստանին միանալու ճանաչումը և ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարումը։ Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հայտնել են արևմտյան պաշտոնյաներ՝ հղում անելով գաղտնի փաստաթղթին, որը ներկայացվել է Կիևին ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ։ Պաշտոնյաների խոսքերը հրապարակել է The Wall Street Journal (WSJ)–ը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում նշել է, որ փաստաթուղթը պարունակում է «քննարկման ենթակա հնարավոր տարբերակների ցուցակ», ոչ թե ուլտիմատում։ Կիևի պատասխանը սպասվում է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա շաբաթվա վերջում Լոնդոնում։ Դիրքորոշումների համաձայնեցման դեպքում նախաձեռնությունները կարող են փոխանցվել Մոսկվային։ Այսօր՝ ապրիլի 21-ին, WSJ-ը հայտնել է, որ Սթիվ Ուիթքոֆը կարող է կրկին այցելել Մոսկվա Լոնդոնում անցկացվող բազմակողմ խորհրդակցություններից հետո։
Սակայն պաշտոնյաների տվյալներով՝ ԱՄՆ-ի առաջարկները չեն նախատեսում Ռուսաստանի վերահսկողության օրինականացում Ուկրաինայի արևելքի չորս մարզերի նկատմամբ, թեև չեն պահանջում այնտեղից ռուսական զորքերի դուրսբերում։ Աղբյուրները նաև ընդգծում են, որ Վաշինգտոնը մտադիր չէ սահմանափակել ռազմական աջակցությունը Կիևին կամ արգելափակել եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայում։
Առաջարկների թվում Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ չեզոք գոտու ստեղծումը՝ ԱՄՆ հնարավոր վերահսկողությամբ։ Մարտին Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում նշել էր ուկրաինական էներգետիկ օբյեկտների փոխանցումը ամերիկացիներին՝ դա անվանելով «ենթակառուցվածքների լավագույն պաշտպանություն»։