ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին հարված հասցնելու հնարավորությունը, Թեհրանը սպառնացել է պատասխան միջոցներով․ Reuters

14.01.2026, 23:49
ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին 24 ժամվա ընթացքում, գրում է Reuters–ը
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին հարված հասցնելու հնարավորությունը, Թեհրանը սպառնացել է պատասխան միջոցներով․ Reuters

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին 24 ժամվա ընթացքում:

Ըստ ՌԲԿ-ի՝ այս մասին հայտնել են Reuters-ի աղբյուրները եվրոպական պաշտոնյաների շրջանում:

Եվս մեկ զրուցակից չի բացառել ամերիկյան հարձակումը: Իսրայելական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Թրամփը, ըստ ամենայնի, հարվածի որոշումն արդեն ընդունել է:

Իրանը զգուշացրել է հարևան երկրներին, որտեղ ներկա են ամերիկյան զինվորականներ, որ ամերիկյան հարձակման դեպքում կհարվածի ԱՄՆ բազաներին. հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի: Այս կապակցությամբ ԱՄՆ-ն որոշում է կայացրել Մերձավոր Արևելքի բազաներից դուրս բերել անձնակազմի մի մասը, լրագրողներին հայտնել է ամերիկացի պաշտոնյան:

Մասնավորապես, որոշ աշխատակիցների հանձնարարվել է լքել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ-Ուդեյդ» ավիաբազան մինչև հունվարի 14-ի երեկոյան: Գործակալության զրուցակիցներից մեկը հստակեցրել է, որ սա ոչ թե տարհանում է, այլ վերատեղակայում:

Հունվարի 13-ին Թրամփը դիմել էր իրանցի ցուցարարներին՝ կոչ անելով գրավել պետական հաստատությունները, ինչպես նաև նշել էր, որ «օգնությունն արդեն ճանապարհին է»: Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե հատկապես ինչ նկատի ուներ, սակայն ասել է, որ ամերիկացիները պետք է դիտարկեն Իրանից տարհանվելու հնարավորությունը:

CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ Թեհրանի նկատմամբ իր վերջնական նպատակը «հաղթանակն» է: Թե ինչ է նա հասկանում դրա տակ, Թրամփը չի ասել:

Reuters-ը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անվտանգության կաբինետը հունվարի 12-ին տեղեկացվել է «Իրանում ռեժիմի փլուզման կամ ԱՄՆ միջամտության» հնարավորության մասին:

Զանգվածային բողոքի ցույցերը Իրանում շարունակվում են 2025-ի դեկտեմբերի վերջից: Ցույցերը սկսվել են տնտեսական ճգնաժամի ֆոնին: Տարեվերջին գնաճը հասել է տարեկան 42,2%-ի, իսկ ազգային արժույթը՝ իրանական ռիալը, թուլացել էր մինչև ռեկորդային ցածր մակարդակի՝ 1,42 մլն ռիալ՝ 1 դոլարի դիմաց:

Ցուցարարները պահանջել են նաև ռեժիմի և գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի տապալումը: Հանրահավաքները ընդգրկել են տասնյակ քաղաքներ: Ողջ երկրում անջատված ինտերնետի պատճառով զոհերի մասին տվյալները հստակ չեն, սակայն հայտնի է, որ զոհեր կան թե՛ ցուցարարների, թե՛ ուժայինների շրջանում:

Reuters-ի տվյալներով՝ զոհվել է շուրջ 2 հազար մարդ: Միևնույն ժամանակ CBS News-ը պնդում է, որ զոհերի թիվը մի քանի անգամ շատ է՝ նախնական տվյալներով 12-ից 20 հազար մարդ: Թրամփը նախկինում սպառնացել էր, որ ԱՄՆ-ն «հզոր հարված» կհասցնի Իրանին ցուցարարների սպանության դեպքում: