ԱՄՆ Կենտակի նահանգում 143 հազար լիտր վառելիով օդանավ է կործանվել, կան զոհեր և վիրավորներ (ՎԻԴԵՈ)

05.11.2025, 11:10
Վթարի պահին օդանավում եղել է ավելի քան 143 հազար լիտր ավիացիոն վառելիք․ ՎԻԴԵՈ
ԱՄՆ Կենտակի նահանգում 143 հազար լիտր վառելիով օդանավ է կործանվել, կան զոհեր և վիրավորներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ Կենտակի նահանգի Լուիսվիլի միջազգային օդանավակայանից թռիչքից հետո վթարի է ենթարկվել McDonnell Douglas MD-11 բեռնատար ինքնաթիռը, հայտնում է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը։ 

«Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել», - հայտնել է Կենտակիի նահանգապետ Էնդի Բեշիրը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։ 

Վիրավորներից մի քանիսը ստացել են «շատ լուրջ» վնասվածքներ և բուժում են ստանում տեղական հիվանդանոցներում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի թիվը հասել է 8–ի։

Այլ աղբյուրների համաձայն, վթարի պահին ինքնաթիռում եղել է ավելի քան 143 հազար լիտր ավիացիոն վառելիք։

Նախնական տվյալներով՝ վթարից առաջ ինքնաթիռի ձախ շարժիչում հրդեհ է բռնկվել։ Կորցնելով կառավարումը՝ ինքնաթիռը բախվել է օդանավակայանի մոտակայքում գտնվող մի քանի շենքերի և վառելիքի պահեստարանների։

Դեպքի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել։

Ինքնաթիռը 34 տարի շահագործվել է UPS ընկերության կողմից։ Քննության տվյալներով, ինքնաթիռը ուղևորվում էր դեպի Հոնոլուլու։