80 մարդ է մահացել Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծման հետևանքով. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծման հետևանքով մահացել է 80 մարդ։
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Press TV իրանական հեռուստաալիքի Twitter–յան էջին։
Ամանորից անմիջապես հետո ԱՄՆ–ն հրթիռակոծել է Բաղդադի օդանավակայանն ու սպանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին։
Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ երկիրն ունի Վաշինգտոնից վրեժխնդիր լինելու 13 սցենար։ Ամերիկացիներին գրոհելու դեպքում Դոնալդ Թրամփը խոստացել է հասցնել «արագ և ուժեղ հարված» Իրանի 52 թիրախների նկատմամբ։
Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Սուլեյմանիի սպանության համար հատուցման օպերացիայի մեկնարկի մասին։ Թեհրանը հրթիռներ է արձակել Իրաքի արևմուտքում գտնվող Էյն–ալ–Ասադ և Էրբիլում գտնվող բազաների ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զինվորական համակազմը։
Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ «ամեն ինչ կարգին է»։ Fox News հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել է, որ նախնական տվյալներով` ամերիկացիների շրջանում զոհեր չկան։–0-

