Ուկրաինայի հակամարտությունը ձեռք է բերել «գլոբալ բնույթի տարրեր», ՌԴ–ն նորագույն հրթիռային համակարգով հարվածել է Ուկրաինայի տարածքին․ Պուտին
Ինչպես նշում է Ինտերֆաքսը, ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ այս օրերին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Ռուսաստանի տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումները, հակառակորդը թիրախներին չի հասել։
Կիևի կողմից արևմտյան արտադրության հեռահար հրթիռների կիրառումը չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա հատուկ ռազմական գործողության գոտում, ասել է Պուտինը՝ հանդես գալով հայտարարությամբ, որը վերաբերում է Ռուսաստանի տարածքում ATACMS և Storm Shadow հրթիռների հարձակումներին։
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը «հաջողությամբ առաջ են գնում մարտական շփման գծի ողջ երկայնքով»։ «Մեր առջև դրված բոլոր խնդիրները կլուծվեն»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կոմբինացված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերության համալիրի օբյեկտին՝ ի պատասխան Ռուսաստանի վրա ամերիկյան և բրիտանական զինատեսակներով հարվածներին։
«Ի պատասխան ամերիկյան և բրիտանական հեռահար զինատեսակների կիրառման՝ այս տարվա նոյեմբերի 21-ին Ռուսաստանի զինված ուժերը կոմբինացված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներից մեկին։ Մարտական պայմաններում փորձարկվել է նաև միջին հեռավորության ռուսական նորագույն հրթիռային համակարգերից մեկն, այս դեպքում բալիստիկ հրթիռով և ոչ միջուկային հիպերձայնային համալրմամբ։ Մեր հրթիռագետներն այն անվանել են «Օրեշնիկ»։ Փորձարկումներն անցել են հաջող, թիրախը խոցվել է», – Պուտինի խոսքերը մեջբերում է Ինտերֆաքսը։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել այն երկրների թիրախներին, որոնց զենքերը հարվածում են Ռուսաստանի Դաշնության տարածքին։ «Ռուսական նորագույն հրթիռներին հակազդելու միջոցներ գոյություն չունեն»,- ասել է նա։

