Թրամփի մեմքոյնում ներդրում կատարած հարյուր հազարավոր ներդրողներ կորցրել են շուրջ 2մլրդ դոլար

12.02.2025, 21:22
Մեմքոյնի գործարկումից հետո առաջին 19 օրվա ընթացքում կորուստներ են կրել կրիպտոդրամապանակների ընդհանուր 813 294 սեփականատերեր
Թրամփի մեմքոյնում ներդրում կատարած հարյուր հազարավոր ներդրողներ կորցրել են շուրջ 2մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հարյուր հազարավոր ներդրողներ, ովքեր ներդրումներ են կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի $Trump մեմքոյնում, կորցրել են մոտ 2 միլիարդ դոլար, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Chainalysis վերլուծական ընկերության տվյալները։

Նրա գնահատականների համաձայն, մեմքոյնի գործարկումից հետո առաջին 19 օրվա ընթացքում կորուստներ են կրել կրիպտոդրամապանակների ընդհանուր 813 294 սեփականատերեր, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկայի պորտալը՝ հղում անելով Forbes–ին։

Կորուստներ են կրել նրանք, ովքեր տոկենի համար վճարել են ավելի շատ, քան այն այժմ արժե, գրում է NYT-ը։ Այնուամենայնիվ, այդ թրեյդերներից շատերը պահում են ոչ եկամտաբեր տոկենները՝ հավանաբար հույս ունենալով, որ դրանց գինը նորից կբարձրանա: Հիմնականում շահույթ են ստացել մեմքոյնի առաջին գնորդները՝ կանխիկացված շահույթի ընդհանուր գումարը կազմել է $6,6 մլրդ, հաշվարկել են Chainalysis-ում։