Թբիլիսիում գիշերը ցույցի ժամանակ 107 մարդ է բերման ենթարկվել
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ 107 մարդ է բերման ենթարկվել, գրում է Newsgeorgia.ge-ն։
Բոլորը մեղադրվում են ոստիկանության պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ։
Գործակալությունը նշում է, որ բողոքի ակցիան «բազմիցս գերազանցել է օրենքով սահմանված նորմերը»։ Նշվում է, որ ողջ գիշեր ցուցարարները դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին, տարբեր իրեր, քարեր, ապակե շշեր նետել նրանց ուղղությամբ, կիրառել հրատեխնիկա։
Տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։ Մեկ ոստիկան բուժհաստատությունում է՝ մարմնի տարբեր մասերի այրվածքներով։
Նախարարությունը ոչինչ չի նշում ոստիկանության գործողություններից տուժած ցուցարարների և լրագրողների մասին։ Լրատվամիջոցներն արձանագրել են ցուցարարներին ծեծի ենթարկելու բազմաթիվ դեպքեր։
Ռուսթավելիում ցույցի ցրումը տևել է գրեթե 7 ժամ։ Ուժայինները կիրառել են ջրցան մեքենաներ, գազի պարկուճներ, պղպեղի սփրեյ և այլ հատուկ միջոցներ։

