ՌԴ–ում 13 տարեկան աշակերտը դասի ժամանակ մուրճով հարձակվել է դասընկերների վրա (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Չելյաբինսկում 13 տարեկան աշակերտը մուրճով մտել է դպրոց և հարձակվել է դասընկերների վրա, այնուհետև փորձել է ինքնասպան լինել։
Հարձակման հետևանքով չորս մարդ վիրավորվել է։
Աշակերտը մուրճով անարգել մտել է դպրոցի տարածք, թեև շենքում անվտանգության աշխատակիցներ և մետաղորսիչներ են եղել։
Նա գնացել է զուգարան, հետո բղավելով մտել է կենսաբանության դասասենյակ դասամիջոցից հինգ րոպե առաջ: Դասասենյակում են եղել նրա դասընկերներն ու դասղեկը։
Դասասենյակում 13–ամյա դեռահասը քաոսային կերպով հարձակվել է երեխաների վրա: Սկզբում հարվածել է աղջիկներից մեկի գլխին, հետո՝ ուսուցչուհուն։ Դրանից հետո հարձակվել է մեկ այլ աշակերտուհու վրա։
Ականատեսների խոսքերով, երեխաներին փրկել է իրենց դասընկերներից մեկը։ Նա նույնպես վիրավորվել է, այժմ հիվանդանոցում է։
Քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի, 57-ամյա Նինա Շոշինան նույնպես հերոսաբար փորձել է խլել զենքն ու պաշտպանել աշակերտներին, ինչի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել։
Հետո 13–ամյա աշակերտը դասարանից դուրս է վազել միջանցք: 74.RU-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դասընկերների վրա հարձակումից հետո նա փորձել է ինքնասպան լինել դպրոցի զուգարանում, սակայն չի հասցրել, այնտեղ նրան հայտնաբերել են գվարդիայի աշխատակիցները։
Հարձակման հետևանքով վիրավորվել են երկու աղջիկ, մեկ տղա և ուսուցիչ։ Դեպքի վայրում բուժօգնություն ստանալուց հետո նրանք հոսպիտալացվել են։
«Նրանց վիճակը այս պահին կայուն է, բժիշկները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- հայտնել են Չելյաբինսկի մարզի Առողջապահության նախարարությունից։
Վիրավոր աշակերտուհիներից մեկի տատիկը լացակումած եկել է դպրոց։ Նա լրագրողներին ասոել է, որ աղջկան գլխի վիրահատություն են անում։


