ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ուժեղ ավազամրրիկ է գրանցվել Պարսից ծոցի պետություններում, այդ թվում` Քաթարում և Սաուդյան Արաբիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նախորդ ուրբաթ երեկոյան տարածաշրջանում անսպասելիորեն գրանցվել է տարվա այս ժամանակաշրջանի համար ոչ տիպիկ խեղդող շոգ, այնուհետև սկսվել է ուժեղ քամի, որը օդ է բարձրացրել ավազի և փոշու ամպեր, որոնք փակել են երկինքը, ինչի հետևանքով տեսանելիությունը նվազել է` հասնելով մի քանի մետրի։ Շենքերն ու մեքենաները ծածկվել են փոշով և ավազով, դրանք պատուհանների արանքներով ներթափանցել են տներ։
Ավազամրրիկն իր հետ բերել է սառը մթնոլորտային ճակատ։ Քաթարի մայրաքաղաք Դոհայում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է` հասնելով +16 աստիճանի։
Նախորդ հանգստյան օրերին եղանակի պատճառով նվազել է քաղաքացիական և ռազմական ավիացիայի ակտիվությունը։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, ավազամրրիկի պատճառով չեղարկվել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի թռիչքները։
Նախօրեին եղանակը տարածաշրջանում սկսել է նորմալանալ, բայց դեռ փչում է ուժեղ փոթորկային քամի։–0–