ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակվել է ԱՄՆ նախագահին կից արվեստի և մշակույթի հանձնաժողովի համանախագահ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի դափնեկիր է և պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած կին երաժիշտներից մեկը: Որպես դերասանուհի՝ նա հայտնի է «Աստղ է ծնվել» ֆիլմում խաղացած դերով, որի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում, և հաղթել է «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ «Shallow» երգի համար: Նա նաև նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություն. հյուրանոց» ֆիլմում՝ արժանանալով «Ոսկե գլոբուսի»:
Time ամսագիրը նրան դասել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում: Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ երգչուհին ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ և հասարակական արշավներով։–0–