ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հունաստանում գրանցվել է պացիենտի մահվան առաջին դեպքը, ով կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս է անցել։ Այս մասին Open հեռուստաալիքի եթերում հայտնել է «Պապանիկոլաու» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի երկրորդ բաժանմունքի տնօրեն Նիկոս Կապրավելոսը։
Բժշկի խոսքով՝ մահացածը ոչ մի ուղեկցող խրոնիկ հիվանդություն չի ունեցել:
«Սա բացառություններից մեկն է, առաջին մահը 13 հազար մարդկանց շրջանում»,- նշել է Կապրավելոսը, հաղորդում է lenta.ru:
Բժիշկն այդ դեպքը կապել է կորոնավիրուսի «Դելտա» շտամի հետ:
Բաժանմունքի ղեկավարն ընդգծել է, որ չնայած հիվանդի մահվանը, պատվաստումը շարունակում է մնալ COVID-19-ի դեմ ամենահզոր զենքը: Բժիշկը պնդում է, որ բոլոր չպատվաստված քաղաքացիները «մեծ վտանգի մեջ են»։
Կապրավելոսը չի հստակեցրել, թե ինչ դեղամիջոցով է պատվաստվել մահացած պացիենտը։ Հայտնի է, որ Հունաստանում այսօր հավանության են արժանացել Johnson&Johnson, Moderna, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը։
Հուլիսին Հունաստանի իշխանությունները պարտադրել են, որ մինչև օգոստոսի 16-ը պետք է պատվաստվեն զինվորականները, բուժքույրերը և ծերանոցների աշխատակիցները: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքով ՝ երկիրը շարժվում է դեպի պատվաստված մեծահասակ բնակչության 70 %-անոց թիրախի: COVID-19-ով վարակված գրեթե բոլոր հիվանդները, որոնք հայտնվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, պատվաստանյութ չեն ստացել:-0-