Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ է կազմակերպվել․ միջադեպի կադրերը հայտնվել են սոցցանցերում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ է կազմակերպվել Փենսիլվանիայում նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ նա ելույթ էր ունենում հավաքվածների առջև, հաղորդում է ՌԲԿ–ն։ Դրանից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է նրա մամուլի քարտուղար Սթիվեն Չունգը։ Նա վստահեցրել է, որ նախկին նախագահի հետ ամեն ինչ կարգին է։
Associated Press–ին և ABC–ին իրավապահ մարմիններից հայտնել են, որ Թրամփի ուղղությամբ արձակված կրակոցները որակվել են որպես մահափորձ։
CNN–ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել է, որ Թրամփի ուղղությամբ կրակած անձը գտնվել է շենքի տանիքում, որը տեղակայված է հանրահավաքի վայրի սահմաններից դուրս։ Հեռուստաալիքի մի քանի զրուցակիցներ և The New York Post թերթը կրակողին անվանել են «դիպուկահար»։ Հրատարակության աղբյուրները նաև հայտնել են, որ կրակոցներն արձակվել են ամբիոնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Բաթլեր շրջանի դատախազը հայտնել է, որ կրակողը գտնվել է շենքում, և հեռավորության վրա կրակ արձակելու համար նրան անհրաժեշտ կլիներ հրացան, քանի որ մինչև ամբիոն հեռավորությունը մի քանի հարյուր մետր է։
CNN–ը հրապարակել է Թրամփի հայտարարությունը։ ԱՄՆ նախկին նախագահը շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանն ու իրավապահ մարմիններին օպերատիվ արձագանքելու համար։ Նա հայտնել է, որ իրեն դիպած գնդակը ծակել է աջ ականջի վերին մասը։
«Ուզում եմ ցավակցություն հայտնել այն մարդու ընտանիքին, ով սպանվել է հանրահավաքի ժամանակ, ինչպես նաև մյուս մարդու ընտանիքին, ով ծանր վիրավորվել է։ Անհավանական է, որ նման բան կարող է տեղի ունենալ մեր երկրում։ Այս պահին ոչինչ հայտնի չէ հրաձիգի մասին, ով մահացած է», – ավելացրել է Թրամփը։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը դատապարտել է միջադեպը, բայց հայտարարել է, որ չունի բավարար փաստեր միջադեպը մահափորձ անվանելու համար։ Միջադեպը դատապարտել են նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Սենատում հանրապետականների և դեմոկրատների առաջնորդներ Միթչ Մաքոնելն ու Չակ Շումերը և այլ քաղաքական գործիչներ։