Կորոնավիրուսը հասավ նաև Լիբանան. գրանցվել է վարակի առաջին դեպքը

21.02.2020, 21:13
Կորոնավիրուսը հասավ նաև Լիբանան. գրանցվել է վարակի առաջին դեպքը
Կորոնավիրուսը հասավ նաև Լիբանան. գրանցվել է վարակի առաջին դեպքը
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Լիբանանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին։

Ինչպես Բեյրութում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը, վիրուսը գրանցվել է այսօր` փետրվարի 21–ին, 45–ամյա մի կնոջ մոտ, ով վերադարձել է Իրանի Կում քաղաքից։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով, ևս մի քանի մարդու մոտ կա կորոնավիրուսի կասկած։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ առողջապահության նախարարությունը, Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 18 դեպք, 4 մարդ մահացել է։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել է, որ գերատեսչությունը հետևում է նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում` հարևան Իրանում:

«Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում` տեղեկացնելով, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել:–0–