Առնվազն 24 մարդ է մահացել Կալիֆոռնիայում մոլեգնող խոշոր անտառային հրդեհների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Առնվազն 24 մարդ է մահացել Կալիֆոռնիայի հարավում խոշոր անտառային հրդեհների հետևանքով։ DW-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է մեջբերում կիրակի երեկոյան The Washington Post-ը։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն ասել է, որ վնասների մասշտաբով այս տարերային աղետը կարող է ամենասարսափելին լինել ԱՄՆ-ի պատմության մեջ։
Հունվարի 13-ից հունվարի 15-ը, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, Կալիֆոռնիայում սպասվում է Սանտա Անա քամիների ուժեղացում, որոնք նախկինում նպաստում էին հրդեհների տարածմանը։ Միևնույն ժամանակ, տեղական պաշտոնյաները հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ հույս ունեն, որ Փասիֆիկ Փալիսադեյդս և Իտոն շրջաններից տարհանված բնակիչները հունվարի 16-ից կկարողանան վերադառնալ իրենց տները:
Լոս Անջելեսում հունվարի 7-ից մոլեգնող հրդեհներն ավերել են 40,000 ակր տարածք, որն ավելի մեծ է, քան Սան Ֆրանցիսկոն, ըստ WP-ի: Ըստ Կալիֆոռնիայի Անտառների պաշտպանության և հրդեհների կանխարգելման վարչության (Cal Fire), կրակը ոչնչացրել է ավելի քան 12000 շինություն, իսկ մոտ 150000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։