Առնվազն 10 մարդ է զոհվել Լոս Անջելեսի խոշոր անտառային հրդեհների հետևանքով

10.01.2025, 11:57
Հրդեհի նոր օջախներ են բռնկվել Լոս Անջելես և Վենտուրա շրջանների սահմանի մոտ
Առնվազն 10 մարդ է զոհվել Լոս Անջելեսի խոշոր անտառային հրդեհների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Լոս Անջելեսում մահացու անտառային հրդեհները շարունակվում են։

Հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, սակայն պաշտոնյաները զգուշացնում են, որ զոհերի իրական թիվն անորոշ է, քանի դեռ քննիչների համար անվտանգ չէ մուտք գործել թաղամասեր, հաղորդում է CNN–ը՝ հղում անելով Լոս Անջելեսի Դատաբժշկական փորձաքննության դեպարտամենտին։

Հրշեջները կրակի դեմ պայքարում առաջընթաց էին գրանցել, քանի որ Սանտա Անայի քամիները թուլացել էին, բայց օրվա ընթացքում քամին կրկին ուժգնացել է ողջ շրջանում։

Հրդեհի նոր օջախներ են բռնկվել Լոս Անջելես և Վենտուրա շրջանների սահմանի մոտ։

Նշենք, որ Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարված, Լոս Անջելեսում արդեն 3–րդ օրն է՝ խոշոր անտառային հրդեհներ են։ Հրդեհի հետևանքով ավերվել է ավելի քան 10 հազար շինություն։