ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում երեխային խնամող աղջիկը պատահաբար կրակել է երեխայի փորին: Դեպքը պատահել է, երբ աղջիկը՝ ատրճանակը ձեռքին, սելֆի անելիս է եղել, գրում է
korrespondent.net-ը՝ հղում անելով CNN-ին:
19-ամյա Քեյթլին Սմիթը համաձայնել է հետևել իր 10-ամյա զարմիկին: Բնակարանում նա զենք է գտել և որոշել է սելֆի անել դրանով: Ինչպես Սմիթն է պնդում, ինքը մտածել է, որ ատրճանակը լիցքավորված չէ: Նկարվելու ընթացքում նա սեղմել է ձգանին, և կրակոց է արձակվել:
Փամփուշտը կպել է տղայի փորին: Նրան ծայրահեղ վիճակում հոսպիտալացրել են: Ոստիկանությունը հայտնել է, որ վիրահատությունից հետո փոքրիկի վիճակը կայունացել է:
«Ատրճանակով սելֆի անելը լավ գաղափար չի եղել: Հրազենը վտանգավոր է: Դրա հետ խաղալը, կամ դրա ուղիղ նշանակությունից բացի այլ նպատակով օգտագործելը մահացու վտանգավոր է: Անհրաժեշտ է նախազգուշական միջոցառումներ իրականացնել, որպեսզի նման դեպքեր չպատահեն»,- նշել են ոստիկանությունում:
Իրավապահները Twitter-ում հավելել են, որ Քեյթլին Սմիթը ձերբակալվել է և մեղադրվել մարմնական վնաս հասցնելու մեջ:-0-