ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները շփումներ կունենան Մյունխենում․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շփումներ կունենան Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը կարգավորելու թեմայով, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԲԿ–ն։
Նախագահի խոսքով՝ «Ռուսաստանը այնտեղ կլինի մեր մարդկանց հետ, հրավիրված է նաև Ուկրաինան»։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Թրամփը հավելել է, որ ինքը հստակ չգիտի, թե «որ երկրից կոնկրետ ով է այնտեղ լինելու», սակայն պետք է լինեն «բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից»։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ «Մյունխենում ռուսների հետ զրույց չի սպասվում»։ Լիտվինի խոսքով՝ նախ Ուկրաինան պետք է խոսի ԱՄՆ-ի հետ, Եվրոպան նույնպես պետք է մասնակցի բանակցություններին։
Համաժողովը տեղի կունենա փետրվարի 14-ից 16-ը։ Ինչպես հաղորդում է Euronews-ը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այնտեղ կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, նրանք կքննարկեն Մոսկվային և Կիևին ուղղված Թրամփի կոչերը բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Մյունխենի համաժողովին Ռուսաստանի մասնակցության մասին չի հաղորդվել։ Ռուս պաշտոնյաները չեն մասնակցել համաժողովին 2022 թվականից ի վեր։