ԱՀԿ–ին 135մլն դոլար կպահանջվի առաջիկա վեց ամսում կապիկի ծաղիկի դեմ պայքարի համար․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

24.08.2024, 12:25
Օգոստոսի 14-ին ԱՀԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել հանրային առողջության ոլորտում կապված աշխարհի մի շարք երկրներում կապիկի ծաղիկի տարածման կապակցությամբ
ԱՀԿ–ին 135մլն դոլար կպահանջվի առաջիկա վեց ամսում կապիկի ծաղիկի դեմ պայքարի համար․ ԱՀԿ գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Մարդկանց շրջանում կապիկի ծաղիկի  տարածման դեմ պայքարելու համար ԱՀԿ–ին անհրաժեշտ է մոտ 135մլն դոլար առաջիկա վեց ամսում, ուրբաթ ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Կապիկի ծաղիկի բռնկումը հնարավորինս արագ դադարեցնելու համար, մեր նախնական հաշվարկներով, մոտ 135 միլիոն դոլար կպահանջվի առաջիկա վեց ամսվա ընթացքում՝ հիվանդության սուր փուլում», - ասել է Գեբրեյեսուսը, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Կապիկի ծաղիկի բռնկման դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության համալիր և համակարգված աշխատանք»,- ասել է նա։

Օգոստոսի 14-ին ԱՀԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել հանրային առողջության ոլորտում կապված աշխարհի մի շարք երկրներում կապիկի ծաղիկի տարածման կապակցությամբ։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ ինֆեկցիոն հիվանդություն է, որն առավել տարածված է կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Դրա ախտանիշերն են սրտխառնոցը, ջերմությունը, ցանը, քորը և մկանացավը։ Թեթև դեպքերում հիվանդությունը սովորաբար անցնում է ինքնուրույն և տևում է 14-ից 21 օր: