ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 51 տարեկանում մահացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Պիտեր Սալաման, ով համակարգում էր բուժծառայությունների համընդհանուր ընդգրկվածության ապահովման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսին։
«Խորը վշտացած ենք իմ գործընկեր և ընկեր, բժիշկ Պիտեր Սալամայի վաղաժամ մահվան կապակցությամբ։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Պիտերի ընտանիքին, գործընկերներին և ընկերներին», – գրել է Գեբրեյեսուսը Twitter–ի իր էջում։
Ժնևում տարածված հայտարարության մեջ նա նշել է. «Պիտերը մարմնավորում էր այն լավագույնը, ինչ կար ԱՀԿ—ում և ՄԱԿ–ում` պրոֆեսիոնալիզմ, հավատարմություն գործին և կարեկցանք։ Մեր սրտերը կոտրված են»։
ԱՀԿ–ն կարեկցանք և ցավակցություն է հայտնել Սալամայի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին։
Սալաման ունի կին և երեք երեխա։
Սալաման մասնագիտությամբ բժիշկ–համաճարակաբան էր, ԱՀԿ–ում սկսել է աշխատել 2016թ.–ից։ Մինչ այդ 14 տարի զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՄԱԿ–ի մանկական հիմնադրամում (UNICEF), աշխատել է «Բժիշկներ առանց սահմանների» և Concern Worldwide կազմակերպություններում Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներում։–0–