ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իլոն Մասկին պատկանող SpaceX մասնավոր աէրոտիեզերական ընկերությունը հայտ է ներկայացրել ԱՄՆ–ի Կապի դաշնային հանձնաժողով մի խումբ արբանյակներ արձակելու համար, որոնք պետք է անվճար Wi-Fi–ով ապահովեն Երկիր մոլորակի ողջ տարածքը, հաղորդում է ibtimes.co.uk–ը։
Ինչպես հաղորդում է International Business Times հրատարակությունը, Մասկի ընկերությունը նախատեսում է արձակել 4425 արբանյակ, որոնք Երկիր մոլորակի բոլոր բնակիչներին կապահովեն անլար ինտերնետ կապով (1Գբ/վ արագությամբ)։
Այդ արբանյակները կգտնվեն համեմատաբար ոչ մեծ բարձրության վրա` 1100–1325 կմ մոլորակի մակերևույթից։ Իսկ Երկիր մոլորակում կգործարկվեն համակարգի կառավարման կենտրոններ, և կձևավորվի անհրաժեշտ ենթակառուցվածք։
Հրատարակությունը, սակայն, նշում է, որ առաջին փուլում նախատեսվում է արձակել 800 արբանյակ, որոնք կընդգրկեն միայն ԱՄՆ–ի տարածքը։ Ծրագրի մեկնարկի հստակ ամսաթիվը դեռ չի հրապարակվում։–0–