Պարզվել է փարիզցի մահապարտներից ևս մեկի ինքնությունը

16.11.2015, 10:45
Ֆրանսիայի իրավապահ մարմինները պարզել են Փարիզի ահաբեկչությունների մասնակիցներից մեկի ինքնությունը:
Պարզվել է փարիզցի մահապարտներից ևս մեկի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի իրավապահ մարմինները պարզել են Փարիզի ահաբեկչությունների մասնակիցներից մեկի ինքնությունը, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով Associated Press–ին։

Associated Press–ի դատական աղբյուրի տվյալներով` Փարիզի մոտակայքում գտնվող «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ ռումբ պայթեցրած մահապարտներից մեկը Ֆրանսիայի 20–ամյա քաղաքացի Բիլյալ Հադֆին է (Bilal Hadfi)։

Բացի այդ, բացահայտվել է, որ Փարիզի Վոլտերի բուլվարում իրեն պայթեցրած մահապարտներից մեկը 31–ամյա Իբրահիմ Աբդեսլամն է։ Կիրակի ֆրանսիական ոստիկանությունը ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով հետախուզում է հայտարարել Իբրահիմի եղբոր` Սալահ Աբդեսլամի նկատմամբ։ Նույն օրը տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ կասկածյալը կարող է ներթափանցել Իսպանիայի տարածք։

Associated Press–ը տեղեկացրել է, որ ֆրանսիական ոստիկանությունը Փարիզի ահաբեկչություններից մի քանի ժամ հետո Բելգիայի հետ սահմանին կանգնեցրել է Աբդեսլամի մեքենան, սակայն հարցաքննումից և փաստաթղթերը ստուգելուց հետո բաց է թողել նրան։

Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկչություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 130 մարդ, ավելի քան 352–ը վիրավոր է, որոնցից 99–ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։

Ոստիկանությունը պարզել է երեք կասկածյալների ինքնությունը`Ֆրանսիայի 29–ամյա քաղաքացի Իսմայիլ Օմար Մոսթեֆային (Ismael Omar Mostefai), 1990 թ.–ին ծնված Աբդուլակբակ Բ–ն, որի մարմնի մոտ ոստիկանները գտել են սիրիական անձնագիր, ինչպես նաև Սիրիայի քաղաքացի Ահմադ Ալմոհամադը (Ahmad Almohammad)։

Կիրակի ԶԼՄ–ները տեղեկացրեցին, որ ոստիկանները ձերբակալել են «Բատակլան» համերգասրահի հարձակմանը մասնակցած գրոհայինի` Իսմայիլ Օմար Մոսթեֆայիի հարազատներին։ Բելգիական ԶԼՄ–ների հաղորդմամբ` Բրյուսելի  արվարձաններում ձերբակալվել է Աբդեսլամ եղբայրներից ևս մեկը` Մոհամեդը։

Ահաբեկչությունների համար պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ –0–