Փախստականների հոսքի կրճատումը չի կանխի նոր ահաբեկչություններն Եվրոպայում. արևելագետ

25.03.2016, 17:45
Եվրոպայում ահաբեկչությունները կարող են կրկնվել նաև փախստականների հոսքի կրճատումից հետո:
Փախստականների հոսքի կրճատումը չի կանխի նոր ահաբեկչություններն Եվրոպայում. արևելագետ
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայում ահաբեկչությունները կարող են կրկնվել նաև փախստականների հոսքի կրճատումից հետո, ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց արևելագետ Սուրեն Մանուկյանը։

Մարտի 22–ի առավոտյան Բրյուսելում տեղի ունեցան մի շարք ահաբեկչություններ։ Երկու պայթյուն էր գրանցվել Բրյուսելի օդանավակայանի մեկնումների սրահում։ Եվս մի պայթյուն էր գրանցվել մետրոյի «Մաելբեկ» կայարանում։

Մանուկյանի խոսքով`Եվրոպայում ահաբեկչությունների պատճառները շատ ավելի խորքային են, քան պարզապես Մերձավոր Արևելքից փախստականների չկարգավորված հոսքի խնդիրը։

«Բրյուսելում, ինչպես նաև Փարիզում, Լոնդոնում և Մադրիդում գրանցված ահաբեկչությունները եվրոպական արժեքների և այլ ավանդույթների կրողների միջև քաղաքակրթական տարաձայնությունների հետևանք են», – ասաց նա։

Մանուկյանի կարծիքով` միգրանտների առաջին երկու սերունդների շրջանում չի նկատվում զատվածության և արմատական գործողությունների միտում` ի տարբերություն երրորդ սերնդի։

Փորձագետը պարզաբանեց, որ Արևելքից Եվրոպա տեղափոխվածների թոռները հավակնում են շատ ավելի մեծ արժեքների, քան նրանց նախնիները և կարիերայի աստիճաններով բարձրանալիս բախվում քողարկված խտրականության հետ։

Արևելագետն ավելացրեց, որ բախվելով քողարկված խտրականության հետ` միգրանտների հետնորդները Եվրոպայում ենթարկվում են արմատական գաղափարներ տարածող անձանց ազդեցությանը։ –0–