Նոր մահափորձ՝ Թրամփի դեմ. կրակոցներ են արձակել նրա գոլֆ ակումբի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբի մոտ կրակոցներ են հնչել, գրում է rbc.ru-ն։
Ականատեսներից մեկը հայտնել է, որ թփերի միջից դուրս ցցված ատրճանակ է նկատել և տեսել է, թե ինչպես է տղամարդն այնտեղից դեպի մեքենան վազում և հեռանում։ Թփերի մեջ հայտնաբերվել է AK-47 ինքնաձիգ, երկու ուսապարկ և GoPro տեսախցիկ։
Ըստ աղբյուրի տեղեկատվության՝ Թրամփը կրակոցների վայրից մի քանի հարյուր մետր է հեռու եղել։ Միջադեպից հետո նախկին նախագահը վերադարձել է Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայր։ ՀԴԲ-ն(Հետաքննությունների դաշնային բյուրո) հայտարարել է, որ հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ։
ԱՄՆ նախկին նախագահը գոլֆ է խաղացել West Palm Beach-ում։ Դեպքից հետո նա ասել է, որ առողջ է և ընդգծել, որ «երբեք չի հանձնվի»։ The New York Post-ի փոխանցմամբ՝ Գաղտնի ծառայության աշխատակիցները կրակ են բացել կասկածելի տղամարդու վրա, ում մոտ եղել է AK-47: