Խեղդել և բլենդերով մանրացրել է մարմինը. ամուսինը դաժանաբար սպանել է գեղեցկության մրցույթի մասնակցին
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շվեյցարիայում նախկին մոդելը դաժանաբար սպանվել է սեփական ամուսնու կողմից, գրում է super.ru-ն։
Դիահերձման արդյունքում պարզվել է, որ 38-ամյա Քրիստինա Յոքսիմովիչին 41-ամյա ամուսինը խեղդամահ է արել, իսկ մարմինը մասնատել ՝ օգտագործելով սղոց, դանակ և պարտեզի մկրատ: Այնուհետև մարդասպանը մարմնի մնացորդներից մի քանիսը մանրացրել է ձեռքի բլենդերով, ապա դրանք լուծել քիմիական բաղադրության մեջ:
Սպանվածի ամուսնուն ձերբակալել են մեկ օր անց այն բանից հետո, երբ անանուն երրորդ անձը հայտնաբերել է կնոջ աճյունը զույգի շքեղ թաունհաուսում: Թոմասը, ինչպես լրատվամիջոցներն անվանում են մարդասպանին (նրա իրական անունը չի հաղորդվում), ասել է, որ նա կնոջը սպանել է ինքնապաշտպանության նպատակով, երբ վերջինս դանակով հարձակվել է նրա վրա: Նրա խոսքով՝ «խուճապի մեջ» է մասնատել կնոջը։
Այս հիմնավորումներն ամենևին չեն բավարարել Լոզանի դաշնային դատարանին. անցած չորեքշաբթի մերժվել է կալանքից ազատելու Թոմասի բողոքը, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հակասել է նրա ինքնապաշտպանության պնդումներին։ Քննիչները, ովքեր շարունակում են աշխատել այս գործով, հայտնել են, որ տղամարդը դրսևորել է «հանցավոր էներգիայի նկատելի բարձր մակարդակ», կարեկցանքի պակաս, սառնասիրտ վարք և սադիստական գծեր:
Քրիստինան, ով սերբական արմատներով շվեյցարական Բինինգեն քաղաքից էր, 2007 թվականին հաղթել է «Միսս Հյուսիսարևմտյան Շվեյցարիա» մրցույթում, իսկ 2008 թվականին՝ «Միսս Շվեյցարիա» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից է եղել: Նույն տարում նա հիմնել է մարզչական և խորհրդատվական գործակալություն, որտեղ սովորեցրել է սկսնակ մոդելներին, թե ինչպես քայլել որպես մոդել:
Նրանք ամուսնացել էին 2017 թվականին, ունեն երկու աղջիկ։ Ընկերները ԶԼՄ-ներին պատմել են, որ Քրիստինան և ամուսինն իդեալական զույգ են թվացել։ Մահվանից ամիսներ առաջ կինն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։

