Իսրայելը պետք է պատրաստվի պատերազմի Թուրքիայի դեմ Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ձգտման ֆոնին․ Jerusalem Post

08.01.2025, 11:18
Թուրքիան կմիավորվի սիրիական խմբավորումների հետ և, մասնավորապես, կսկսի պրոքսի պատերազմ վարել՝ ավելացնելով անկայունությունը տարածաշրջանում
Իսրայելը պետք է պատրաստվի պատերազմի Թուրքիայի դեմ Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ձգտման ֆոնին․ Jerusalem Post

ԵՐԵՎԱն, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Իսրայելը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ ուղիղ առճակատման Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ձգտման ֆոնին: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Նագելի կոմիտեի զեկույցին (2024 թվականի օգոստոսին Իսրայելի կառավարության կողմից ստեղծված հանձնաժողով, որը զբաղվում է պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության վերլուծությամբ)։

Փաստաթղթում ընդգծվում է այն ռիսկը, որ Թուրքիան կմիավորվի սիրիական խմբավորումների հետ և, մասնավորապես, կսկսի պրոքսի պատերազմ վարել՝ ավելացնելով անկայունությունը տարածաշրջանում։ «Սիրիայից բխող սպառնալիքը կարող է դառնալ ավելի վտանգավոր, քան իրանականը», - ասվում է զեկույցում:

Այս ֆոնին կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարիների ընթացքում Իսրայելի պաշտպանության տարեկան բյուջեն ավելացնել 15 միլիարդ շեկելով (4,1 միլիարդ դոլար), ձեռք բերել լրացուցիչ F-15 կործանիչներ, տանկերներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակներ, բարձրացնել հակաօդային պաշտպանության համակարգերի արդյունավետությունը և կառուցել պաշտպանիչ պատնեշ Հորդանան գետի հովտի երկայնքով:

Զեկույցը երկուշաբթի՝ հունվարի 6-ին, ներկայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Իսրայել Կացին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին։ «Մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում հիմնարար փոփոխությունների։ Իրանը երկար ժամանակ եղել է մեր ամենամեծ սպառնալիքը, սակայն ասպարեզ են դուրս գալիս նոր ուժեր, և մենք պետք է պատրաստ լինենք անսպասելի երևույթների։ Այս զեկույցը ճանապարհային քարտեզ է Իսրայելի ապագան ապահովելու համար»,- ասել է Նեթանյահուն։

Թուրքիան և Սիրիան աջակցել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա հարձակումից հետո, ինչի հետևանքով զինյալները սպանել են մոտ 1,2 հազար իսրայելցիների և պատանդ վերցրել ևս 250-ի։ Ի պատասխան՝ հրեական պետությունը ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում, որը դեռ շարունակվում է։

Դեկտեմբերի սկզբին սիրիական հակակառավարական ուժերը «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ) խմբավորման գլխավորությամբ տապալեցին Բաշար ալ-Ասադի ռեժիմը։ Իսրայելական զորքերը 1973 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկան Գոլանի բարձունքների բուֆերային գոտուց: Հրեական պետությունը նաև ավիահարվածներ է հասցրել սիրիական նավատորմի և ռազմաօդային բազաների ուղղությամբ ռազմական տեխնիկան և սպառազինությունը ոչնչացնելու համար, որպեսզի դրանք չհայտնվեն ապստամբների ձեռքում։ Թուրքիան աջակցում է ՀԹՇ–ին։