Կրեմլն արձագանքել է А321 ինքնաթիռում պայթեցված ռումբի լուսանկարի հրապարակմանը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կրեմլում արձագանքել են նախօրեին հրապարակված` ռումբի լուսանկարին, որը, ահաբեկիչների խոսքերով, պայթեցվել է Airbus A321 ռուսական ինքնաթիռում, հաղորդում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը։
Ավելի վաղ «Իսլամական պետություն» խմբավորումը հրապարակել էր պայթեցված ռումբի լուսանկարը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ծանոթացել է այդ հրապարակմանը։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հատուկ ծառայություններն ուսումնասիրելու՞ են, արդյոք, լուսանկարը` Պեսկովը նշել է, որ իրավապահ մարմինները կանեն հնարավոր ամեն ինչ` ահաբեկչության պատասխանատուներին գտնելու համար։
ԻՊ–ն հրապարակել է A321–ի ահաբեկչության ժամանակ օգտագործված ռումբի լուսանկարը >>
Ռուսական ինքնաթիռում պայթեցված ռումբը, ինչպես նշում են ահաբեկիչները, բաղկացած է եղել Schweppes գազավորված ըմպելիքի տարրայից և ևս երկու դետալներից։
Գրոհայինները նաև հայտարարել են, որ սկզբում պատրաստվում էին պայթեցնել արևմտյան ինքնաթիռ, սակայն Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկից հետո փոխել են իրենց ծրագրերը։ ԻՊ–ի հավաստմամբ` ռումբը հաջողվել է ինքնաթիռ տեղափոխել, քանի որ Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի անվտանգության համակարգը բավականին խոցելի է։
Ավելի վաղ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը տեղեկացրել է, որ Եգիպտոսում А321–ի աղետն ահաբեկչության հետևանք է։ Նրա խոսքով` թռիչքի ժամանակ գործի է դրվել 1 կիլոգրամ տրոտիլային քաշով պայթուցիկ սարք։
Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության ընթացքում խոշորագույն ավիավթարը գրանցվել է հոկտեմբերի 31–ին։ Շարմ էլ Շեյխ–Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության А321 ինքնաթիռը կործանվել է Սինայում։ Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ։ Բոլորը մահացել են։ –0–

