ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների 2017 թ.–ի նոր ցանկը։
Նոր վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
Տարվա ընթացքում նրա ունեցվածքը նվազել է 600 մլն դոլարով և կազմել 3,1 մլրդ դոլար։ ԱՄՆ նախագահն այս ցուցանիշով զբաղեցնում է վարկանիշի 248–րդ հորիզոնականը, գրում է Lenta.ru–ն։
Ամենահարուստ ամերիկացին կրկին Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսն է։ Տարվա ընթացքում նրա ունեցվածքը ավելացել է 8 մլրդ դոլարով և հասել 89 մլրդ դոլարի, երկրորդ տեղում Amazon ինտերնետային հսկայի և Blue Origin աէրոտիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որի ունեցվածքը 2017 թ.–ին ավելացել է 14,5 մլրդ դոլարով։ Եռյակը եզրափակում է ներդրող և Berkshire Hathaway–ի գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթը։ Նրա ունեցվածքը տարվա ընթացքում աճել է 12,5 մլրդ դոլարով և հասել 78 մլրդ դոլարի։
Վարկանիշի թոփ հնգյակում է նաև Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որի ունեցվածքը 2017 թ.–ին ավելացել է 15,5 մլրդ դոլարով և հասել 71 մլրդ դոլարի։ Հնգյակը եզրափակում է Oracle–ի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը։ Նրա ունեցվածքն ավելացել է 9,7 մլրդ դոլարով և կազմել 59 մլրդ։
400 ամենահարուստ ամերիկացիների ցանկի մուտքի շեմը 2017 թ.–ին հասել է ռեկորդային 2 մլրդ դոլարի։
Forbes–ի լավագույն 400–ի ցանկում ամենաերիտասարդը Snapchat–ի համահիմնադիր Էվան Շպիգելն է` 31 մլրդ դոլարով։ Ամենատարեց միլիարդատերը 94–ամյա դեվելոփեր Ալեքս Սփանոսն է (2,4 մլրդ դոլար), ամենահարուստ ամերիկուհին Walmart առևտրի ցանկի համասեփականատեր Էլիս Ուոլթոնն է։ Նա զբաղեցրել է 13–րդ տեղը` 38,2 մլրդ դոլարով։ –0–