Պաշտոնական Տաշքենդը հաստատել է Ուզբեկստանի նախագահի մահվան լուրը
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը: Այս մասին ասվում է երկրի կառավարության և խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:
«Իսլամ Աբդուղանիևիչը մահացել է 2016 թ.-ի սեպտեմբերի 2-ին Տաշքենդում՝ ուղեղում արյան շրջանառության սուր խանգարմսն (ուղեղի կաթված) հետևանքով, ինչը հանգեցրել է գլխուղեղի անդառնալի փոփոխությունների և բազմակի օրգանների անբավարարության», - նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի նախագահի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը տեղի կունենան սեպտեմբերի 3-ին Սամարղանդում: Նախագահի հուղարկավորության կազմակերպման հարցերի հանձնաժողովը կգլխավորի վարչապետ Շավքաթ Միրզիեևը:
Նախագահի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ կհայտարարվի:
Քարիմովի առողջական վիճակի վատացման մասին առաջին տեղեկությունը ստացվել էր կիրակի: Նախարարների կաբինետից հայտնեցին, որ Քարիմովը ստացիոնար բուժում է ստանում հիվանդանոցում:
Ավելի ուշ երկրի նախագահի դուստրը պարզաբանել էր, որ նա կաթված է ստացել և գտնվում է վերակենդանացման բաժանմումքում: Ուրբաթ նրա վիճակը կտրուկ վատացել է:
Իսլամ Քարիմովը ղեկավարել է Ուզբեկստանը 1990 թ.-ից: Մինչ այդ նա ղեկավարում էր Ուզբեկական ԽՍՀ-ի ֆինանսների նախարարությունը, նաև հանրապետության Նախարարների խորհրդի փոխնախագահն է եղել: 1991 թ.-ին՝ երկրի անկախացումից հետո, Քարիմովն ընտրվել է երկրի նախագահ և վերաընտրվել այդ պաշտոնում բոլոր հաջորդող ընտրություններում: -0-

