ԵՄ–ն կառաջարկի չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ վիզայի ռեժիմը

11.04.2016, 13:03
Ապրիլին Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի առանց վիզայի ռեժիմ ներդնել Ուկրաինայի հետ` չնայած Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքներին, որոնք վերաբերում են Ուկրաինա-Եվրամիություն ասոցիացիայի վերաբերյալ համաձայնագրին:
ԵՄ–ն կառաջարկի չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ վիզայի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլին Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի առանց վիզայի ռեժիմ ներդնել Ուկրաինայի հետ` չնայած Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքներին, որոնք վերաբերում են Ուկրաինա-Եվրամիություն ասոցիացիայի վերաբերյալ համաձայնագրին, տեղեկացնում է Forbes-ը:

«Կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք արհամարհում ենք Նիդեռլանդների քաղաքացիների կարծիքը, սակայն մենք պետք է կատարենք Կիևին տված խոստումը», - հայտնել է Reuters-ի զրուցակիցը և ավելացրել, որ Եվրոպական հանձնաժողովը իր առաջարկի մեջ կներառի պաշտպանիչ կետ, որը թույլ կտա ժամանակավորապես վերականգնել վիզայի ռեժիմը  միգրանտների մեծ ներհոսքի դեպքում։

Մարտին Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որ ապրիլին ԵՀ–ն կներկայացնի Ուկրաինայի հետ մուտքի արտոնագրի չեղարկամն օրենսդրական նախաձեռնություն: Ապա առաջարկը պետք է արժանանա Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի հավանությանը, որում ներկայացված են բոլոր մասնակից երկրները:

Ապրիլի 6-ին Նիդեռլանդներում անցկացվել է հանրաքվե ԵՄ և Ուկրաինայի միջև ասոցիացիայի հանաձայնագրի վավերացման հարցի շուրջ: Նախնական տվյալների համաձայն, բնակչության մոտ 61 տոկոսը համաձայնագրին դեմ է քվեարկել, իսկ 38,1 տոկոսը` կողմ: Ձայնի իրավունք ունեցող ընտրողների մասնակցության շեմը անցել է 30 տոկոսը, ինչն անհրաժեշտ էր քվեարկությունը կայացած ճանաչելու համար: -0-